Ալյուրի հարստացումը քաղցկեղի ավելացման պատճառ կդառնա. բողոքի ակցիա
«Մի՛ վնասեք հացը», «Հացը մեր մշակույթն է» և նման գրություններով պաստառներով ցուցարարներ բողոքի ակցիա անցկացրեցին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը:
Ըստ «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանի, օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն արդես սկսել են սարքավորումների ներմուծումը Հայաստան, ինչը նշանակում է, որ սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից պարտադրանք է մեր կառավարության համար:
«Արդեն 80 երկրներում ներդրվել է այս փորձը, որն աղետալի հետևանքներ է ունենում բնակչության առողջության վրա: Կանադայում, Չիլիում կրկնակի ավելացել է քաղցկեղով հիվանդների թիվը, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆոլաթթուն և ֆոլատն իրականում տարբեր բաներ են, ֆոլաթթուն սինթետիկ է, իսկ ֆոլատը բնական կանաչին է, որն իսկապես անհրաժեշտ է մեր առողջության համար»,- ասաց Ա. Մխիթարյանը:
Այս հարցի համար, ըստ նախաձեռնության անդամի, կա բնական լուծում. եթե կա երկաթի և ֆոլատի պակաս, պետք է ցորենի ամբողջահատիկից հացը պատրաստվի, ինչպես դարեր շարունակ արել են մեր նախնիները:
«Ամբողջական ցորենահատիկից պետք է առանձնացվեն բոլոր հավելանյութերը: Այս ծրագրի անվտանգությունը կասկածելի է մեր համար, մեր պահանջն է, որպեսզի դադարեցնեն սակավարյունության խնդիրը լուծելու համար ալյուրի հարստացման այս ծրագիրը, մենք ավելի բնական և հասարակության կողմից ընդունելի ճանապարհ ենք առաջարկում»,- ընդգծեց Մխիթարյանը:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Բաղդասարյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը սխալ ճանապարհով է գնում. «Սակավարյունության պատճառ կարող է լինել նաև վիտամին C-ի ավելցուկը, որի պատճառով երկաթի նյութափոխանակություն տեղի չի ունենում, իսկ մեր մոտ ամենօրյա սննդակարգը հարուստ է ֆոլաթթվով, մենք երկաթի կարիք էլ չունենք»: