ԲՀԿ-ն զրկվում է նաև ընտրակեղծարարներից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքը շարունակվում է: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից բացի՝ վերջին օրերին իրար հետևից կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացնում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները՝ քաղաքապետեր, գյուղապետեր:

Այսօր էլ տեղեկություններ տարածվեցին, որ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել Աբովյանի մարզի թվով 26 գյուղական համայնքների ղեկավարներ, ավելի վաղ ԲՀԿ-ից հեռացել էին Նոր Հաճընի, Բյուրեղավանի, Սիսիանի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր, այսօր հայտնի դարձավ, որ նրանց հետևել է նաև Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը: Արտահոսքը ԲՀԿ-ից, ըստ ամենայնի, դեռ կշարունակվի: Կուսակցությունից հեռացողներն իրենց դիմումներում չեն հստակեցնում, թե ինչպես են շարունակելու իրենց «քաղաքական գործունեությունը» կուսակցությունից հեռանալուց հետո: Բացառությամբ, իհարկե, պատգամավորների, ովքեր հայտարարում են, թե «օրենսդիր աշխատանքը» շարունակելու են անկախ պատգամավորի կարգավիճակում: Սակայն պակաս ուշագրավ չէ քաղաքապետերի ու գյուղապետերի պարագան:

Վերջիններս, ինչպես հայտնի է, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ լինելուց բացի կամ դրանից առաջ, ունեն մի կարևորագույն ֆունկցիա՝ ընտրությունների ժամանակ «համապատասխան» կուսակցության կամ թեկնածուի հաղթանակի ապահովումը՝ բոլոր հնարավոր մեթոդներով, ընտրակեղծարարությունը, մի խոսքով: Նրանք տարիներ շարունակ զբաղվել են դրանով ԲՀԿ-ի հովանու ներքո ու, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի համար: Իշխանության թողտվությամբ, բնականաբար: Հիմա, երբ ԲՀԿ-ն՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, անհասկանալի վիճակում է հայտնվել նաև ԲՀԿ-ական ընտրակեղծարարների «խավը»: Ընդ որում, եթե ԲՀԿ-ն այլևս անհրաժեշտ չէ իշխանությանը, ապա նույնը չի կարելի ասել քաղաքապետերի ու գյուղապետերի մասին:

Առջևում, ըստ ամենայնի՝ հաջորդ տարի, տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի ժամանակ իշխանությունը կրկին զգալու է ընտրակեղծարարների կարիքը: Դրան հաջորդելու են համապետական ընտրություններ, որոնց ընթացքում նրանք ևս ամենապահանջված «գործիչներն» են դառնալու իշխանության համար:

Այնպես որ, այս օրերին հեռանալով ԲՀԿ-ից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այդպիսով շտապում են ի լուր իշխանությանը հայտարարել, որ պատրաստ են շարունակել իրենց «սուրբ գործը» ՀՀԿ-ի համար: Հետաքրքիր է՝ առաջիկայում նույն կերպ կվարվե՞ն նաև ԲՀԿ-ական ու ԲՀԿ-ամերձ քրեական հեղինակությունները, որոնք քաղաքապետերի ու գյուղապետերի հետ ուս ուսի տված ապահովել են ԲՀԿ-ի հաղթանակը խորհրդարանական նախորդ ընտրություններում:

 

Տեսանյութեր

Լրահոս