«Սերժ Սարգսյանի համար խնդիր է, թե հիմա ով է զբաղեցնելու Ազատության հրապարակը 2017-18 թվականների շրջափուլում»

Այսօրվա ասուլիսի ժամանակ Միջազգային և անվտանգության հարցերի պետական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ընդդիմության տեղն այսօր թափուր է, կա վակուում ընդդիմադիր դաշտում: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ընդդիմությունը լրացնում էր այլընտրանք կոչվող ԲՀԿ-՞ն, որից հետո այն թափուր մնաց, Ս. Սաֆարյանը պատասխանեց, թե ընդդիմությունը եղել է ընդդիմադիր խմբերի և խմբավորումների տեսքով.

«Ես խոսում եմ Ազատության հրապարակում ռադիկալ ընդդիմության դաշտում ստեղծված վակուումի մասին: Ես, ճիշտն ասած, արդեն կասկածում եմ՝ կուզենա՞մ այդ ռադիկալ ընդդիմություն կոչվող դաշտը լցվի, թե՞ ոչ, որովհետև ակնհայտորեն, բացի հիասթափություններ բերելուց, այն որևէ բան չի բերել, միգուցե փրկությունը մեկ այլ ձև է»:

Հարցին՝ եռյակի փլուզո՞ւմն էր, որ ռադիկալ ընդդիմության տեղը դատարկ թողեց, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերվում է այն քաղաքական հոսանքին, որը զբաղեցնում է Ազատության հրապարակը.

«Մեր անցումային քաղաքական կյանքում այդ հրապարակը ինչ-որ մեկի կողմից մշտապես զբաղեցված է եղել: Այն վերջին տարվա մեջ զբաղեցված էր եռյակի կողմից, և հետևաբար՝ այն այսօր թափուր է: Տեր-Պետրոսյանը ինքն էլ դրա մասին խոսում է իր ելույթում, որ ասում է՝ «մինչև ապրիլի 24-ը ձեզ ժամանակ, եկեք այս բարձրունքը զբաղեցրեք, եթե չզբաղեցնեք, ապա դրանից հետո ես իմ խոսքը կասեմ»»:

Հարցին էլ՝ այս իրավիճակը իշխանության հաղթանակը կարելի՞ է համարել, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց.

«Ոչ, իշխանությունը հաղթել է մի բանում, այն ստեղծել է Գագիկ Ծառուկյանի նախադեպը՝ որպես բոլոր գործարարների աչքը վախեցնելու բան, թե ինչ կպատահի նրանցից յուրաքանչյուրի հետ, եթե, ինչպես Արմեն Աշոտյանն է ձևակերպում, նրանք իրենց ոտքը մեկնեն իրենց վերմակից ավելին: Իշխանությունը, Ազատության հրապարակը ազատելով, բացարձակ իր խնդիրը չի լուծելու: Իշխանությունը միայն ճակատամարտն է հետաձգել ժամանակի մեջ և ոչ ավելի, որովհետև ուզի, թե ոչ, այդ հրապարակը լցվելու է, որովհետև կյանքը գնալով ոչ թե լավանում է, այլ վատանում է, և դժգոհողներն են շատանում: Սերժ Սարգսյանի համար խնդիր է, թե հիմա ով է զբաղեցնելու Ազատության հրապարակը 2017-18 թվականների շրջափուլում»:

 

Տեսանյութեր

Լրահոս