Ֆրանսիան «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրը ծովում կփորձարկի առանց ռուս զինվորականների մասնակցության
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական Սեն-Նազեր նավահանգստի նավաշինարանում կառուցվող «Միստրալ» տիպի «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրն առաջին անգամ շուտով կհայտնվի ծովում, սակայն դա տեղի կունենա առանց ռուս զինվորականների մասնակցության:
Այս մասին գործակալությանը հայտնել են DCNS ընկերությունում նրա աղբյուրը: Ծովում «Սևաստոպոլի» առաջին փորձարկումները պլանավորված են մարտի 16-20-ին: Ստույգ ժամկետը կախված կլինի եղանակային պայմաններից: Աղբյուրի խոսքերով՝ ստուգման ենթակա է նավիգացիոն համակարգերի աշխատունակությունը:
Աղբյուրը հիշեցրել է, որ ռուս ծովայինները, որոնք կես տարվա ուսուցում են անցել «Միստրալ» դասի առաջին ռազմանավ «Վլադիվոստոկի» վրա, Սեն-Նազերը լքել են 2014 թվականի դեկտեմբերին: Այս տարվա փետրվարին ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած մասնագետները հայտարարել են, որ եթե նավերը չհանձնվեն ռուսական կողմին, ապա գործը կհասնի դատարան:
Ռուսական «Ռոսօբոռոնէքսպորտ» և ֆրանսիական DCNS ընկերությունները «Միստրալ» դասի երկու դեսանտային ուղղաթիռակիրների կառուցման մասին պայմանագիրը ստորագրել են 2011 թվականի հունիսին: Գործարքը գնահատվել էր 1.2 միլիարդ եվրո:
Պայմանագրի համաձայն՝ առաջին նավը՝ «Վլադիվոստոկը», պետք է ռուսական կողմին հանձնվեր 2014 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ երկրորդ նավ «Սևաստոպոլը»՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ին: