Իրանը շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Նեթանյահու

Ամերիկյան CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ցայժմ համաձայնության չեն եկել այն կապակցությամբ, թե ինչպես կանխեն Իրանի կողմից միջուկային զենք ստանալը.

«ԱՄՆ-ն ու Իսրայելը կիսում են նույն նպատակը՝ Իրանի կողմից միջուկային զենք ստանալը կանխելը, սակայն տարակարծիք են դա անելու հարցում: Ես չեմ վստահում տոտալիտար ռեժիմով երկրներում անցկացվող ստուգումներին: Դա չի աշխատել ԿԺԴՀ-ում, դա չի աշխատում նաև Իրանում: Նրանք խաբել են տեսուչներին»:

Նեթանյահուի խոսքերով՝ Իրանը տեսուչների «քթի տակ» կառուցել է ստորգետնյա երկու բունկեր, որոնց մասին նրանք (մասնագետները) չեն էլ կռահել. «Սակայն մենք էլ՝ Իսրայելի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանաիայի հետախուզական ծառայությունները, տարիներով չենք իմացել դրանց գոյության մասին: Դրա համար էլ պետք է լինել առավել զգույշ»:

Նեթանյահուն վստահ է, որ նախնական համաձայնագրում առաջ քաշված առաջարկներն Իրանին հնարավորություն են տալիս ունենալու միջուկային վիթխարի ենթակառուցվածք. «Այդպիսի քայլը կհանգեցնի շատ կարճ միջանկյալ ժամանակում Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելուն:

Դրանք (առաջարկները) նաև 10 տարի անց հանում են Իրանի դեմ սահմանված սահմանափակումները, ինչն Իրանին հնարավորություն է տալիս ունենալ միջուկային բազմաթիվ ռումբերից բաղկացած զինանոց: Իրանը նաև շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը, որոնք կարող են հասնել Երկրի ցանկացած վայր, այդ թվում նաև ԱՄՆ»:

Տեսանյութեր

Լրահոս