Վարուժան Ավետիսյանը՝ Գյումրիի միջադեպի մասին. «Երկու դրոշակ են խլել մեքենաների վրայից, մերոնք խուսափել են բախումից, հեռացել են»
«Մենք Գյումրի չգնացինք՝ հասկանալով, որ թակարդ են լարել՝ ցանկանալով մեզ ներքաշել այդ թակարդի մեջ, մենք ուրիշ բնակավայրերում իրազեկում կանցկացնենք»,-168.am-ի հետ զրույցում` խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ այսօր Գյումրի քաղաքի մուտքի մոտ 40-50 գողականներ հարձակվել են իրենց սպասող լրագրողների վրա, ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը ավտոերթով պետք է գնար Գյումրի:
Վ. Ավետիսյանի խոսքով՝ «մի պահ մուտքի մոտ այդ խաժամուժը» փորձել է վեճ սարքել իրենց ներկայացուցիչների հետ. «Լրագրոնղներն այնտեղ ներկա են եղել: Ուրիշ դեպքերի մասին չգիտեմ»:
Հարցին՝ լուրջ կռիվ, հարձակում չի՞ եղել, Վ.Ավետիսյանը պատասխանեց՝ ոչ. «Երկու դրոշակ են խլել մեքենաների վրայից, բայց մերոնք խուսափել են բախումից, մի փոքր հեռու կանգնել են, հետո հեռացել են: Երբ լրագրողները սկսել են նկարել ու զանգել տեղեկացնելու, որ նման բան է եղել, նրանք հեռացել են: Նրանք փոքր խմբերով, մեքենաներով անընդհատ աջուձախ պտտվել են»:
Հարցին՝ չեն ասել՝ ինչո՞ւ են նման բան անում, Վ. Ավետիսյանը պատասխանեց. «Ասել են՝ մի եկեք մեր քաղաք, լավ չի լինի, որ գաք»:
Նա տեղեկացրեց, որ այդ մարդիկ գյումրեցիներ են եղել. «Դե, հասկանալի է արդեն, որ խմբեր են ձևավորել, որպեսզի կարողանան այդ սադրանքը գլուխ բերել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք չե՞ն պատրաստվում առաջիկայում Գյումրի գնալ: Վ. Ավետիսյանը պատասխանեց, թե քանի որ իրենք պետք է հանրապետության ողջ տարածքում լինեն, հիմա «առիթից կօգտվեն, ուրիշ շրջակա տարածքները կիրազակեն»: