Փոխոստիկանապետը՝ Նուբարաշենի սպանության մասին. Նաև անուններ են հայտնի. news.am
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին քրեական դեմքերի` Դրաստամատ Թադեւոսյանի, Լեւոնի Ղազարյանի (3-րդ մասցի Լյովիկ), Մեսրոպ Նազարյանցի սպանության եւ գործի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ:
– Պարոն Պողոսյան, արդեն երեք օր է, օրը ցերեկով տեսախցիկների ներքո տեղի է ունեցել սպանություն, սակայն ոչ ոք դեռ հայտնաբերված չէ, որոնողական աշխատանքները ի՞նչ փուլում են, ի՞նչ նորություն կա:
– Կատարվածից անմիջապես հետո ակտիվ բազմաբնույթ, բազմածավալ որոնողական եւ օպրերտիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ դրանք արդյունավետ են, նորից կրկնեմ իմ ավելի վաղ հնչեցրած միտքը` չբացահայտվող հանցագործություններ չկան եւ ուղղակի որոշ դեպքերում որոշ ժամանակ է հարկավոր: Ոստիկանության կողմից ձեռնարկված հետախուզական, որոնողական աշխատանքների հիմնական նպատակը մեկն է` ստեղծել այնպիսի իրավիճակ, որ սահմանափակվի որոնվողի եւ որոնվողների շարժը, այնպիսի դրության մեջ հայտնվեն, որ խուսանավելու հնարավորություն չունենան: Մի խոսքով, նրանց շուրջ օղակը սեղմենք:
– Որքանո՞վ է հաջողվել օղակը սեղմել, հատկապես որ խոսվում է` սպանվածների ու նրանց հետ առնչվողները կապված են քաղաքակական որոշ շրջանակների հետ, որոնց անունը այս օրերին արդեն շրջանառվում է: Այս պարագայում կարո՞ղ եք վստահեցնել, որ այդ սպանությունը ամբողջությամբ կբացահայտվի:
– Ոստիկանությունը վեր է Ձեր թվարկած ամեն ինչից, մի անգամ չի, որ ապացուցել է, որ իրականում այդպես է եւ իր գործունեության վերջին տարիներին ցույց է տվել` ովքեր օրինահարգ են, ոստիկանությունը հարգում է նրանց: Ովքեր օրինազանց են, խստագույնս կպատժվեն, օպերատիվ փնտրողական եւ հետախուզական աշխատանքները բավական արդյունավետ են, պարզապես համբերեք եւ կլսեք արդյունքների մասին:
– Շրջանառվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից մեկի անունը, ով Էրեբունի վարչական շրջանում հայտնի է՝ Կյաժ Մարտուն մականվամբ եւ տեղի ունեցածը մեկնաբանվում` որպես անցած տարվա մարտից «օրենքով» գող օշականցի Գեւորիկի եւ 3-րդ մասցի Լյովիկի միջեւ տեղի ունեցած ընդհարումների շարունակություն: Այս անունները կապվա՞ծ են սպանության հետ:
– Բոլոր վարկածներն էլ քննվում են եւ քննարկվում են, ես ընդամենը ասում եմ հետեւյալը` ասեկոսեներին տուրք մի տվեք, ոստիկանությունը շատ համբերատար, պրոֆեսիոնալ իր գործն է անում: Մեր կատարած աշխատանքները բավականին արդյունավետ են, պարզապես համբերեք….
– Իրավապահ մարմիններին արդեն հայտնի՞ են անուններ, կարո՞ղ եք վստահեցնել, որ առաջիկայում այն հանրությանը կներկայացվի: Ի վերջո սպանության բացահայտումը ոստիկանության պատվի հարցն է:
– Գոնե մեզ համար պարզ են բավականին շատ բաներ, հասկանալի պատճառներով չենք մանրամասնում: Նաեւ անուններ են հայտնի, համբերեք եւ կլսեք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: