Ռուսաստան մեկնել չկարողացող հայ միգրանտներն կսկեն աշխատանք փնտրել Թուրքիայում
Ռուսաստան մուտքի արգելք ունեցող 200 հազար միգրանտներ խնդրի առաջ են կանգնել, նրանք այժմ այլընտրանքներ են փնտրում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը: Նրա խոսքով, արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները, չի բացառվում, որ կսկսեն աշխատանք փնտրել Թուրքիայում և արևմտյան երկրներում:
Ազգագրագետը նկատեց, որ այս պահին Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելու նախադրյալներ չկան, հետևաբար` աղքատությունից խուսափելու համար մարդիկ նոր երկրներ գնալու ցանկություն կունենան:
«Սեզոնային միգրացիայի դեպքում կարևոր չէ այն երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, որտեղ աշխատանքի են մեկնում մեր քաղաքացիները, այստեղ շահը միայն տնտեսական է: Մարդիկ այսօր շատ լավ գիտեն, որ Հայաստանում նորմալ վարձրատրվող աշխատանք գտնելու հույս գրեթե չկա և բացի Ռուսաստանից այլ երկրներում աշխատանք գտնելու համար ավելի խիստ պահանջների առաջ են կանգնելու»,- հայտնեց Ա. Թադևոսյանը:
Թուրքիայի դեպքում ավելի հեշտ կլինի սևագործ աշխատանք գտնել, իսկ Արևմուտքում, ըստ մեր զրուցակցի, աշխատաշուկայում մեծ մրցակցություն կա. «Նրանք պետք է տիրապեն լեզվի, իսկ մասնագիտական աշխատանքի դեպքում փուլ առ փուլ կարողանան դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները» :
Վերջինս նշեց, որ ՀայաստանըԵվրամիության հետ Ասոցացման պայմանագրից հրաժարվելով՝ սահմանափակեց եվրոպական երկրների աշխատաշուկայում հայ միգրանտների հնարավորությունները, քանի որ եթե համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության ձևաչափով է, աշխատանքային միգրացիայի հարցը ևս պետք է կարգավորվի այս քաղաքական համաձայնության շրջանակներում: