Խտրականությունը խոչընդոտ է, որը պետք է վերացնել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ.

«Նյու Յորք, մարտի 8, 2015 թ. Քսան տարի առաջ, երբ աշխարհը գումարեց կանանց մարդու իրավունքներին նվիրված շրջադարձային խորհրդաժողով, նախկին Հարավսլավիայի աղետալի հակամարտությունը արժանի ուշադրություն հարուցեց տեղի քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված բռնաբարությունների և պատերազմական այլ հանցագործությունների նկատմամբ:

Երկու տասնամյակ անց, երբ յոթնամյա աղջիկները ոչ միայն թիրախ են դառնում, այլև որպես զենք օգտագործվում մոլեգին ծայրահեղականների կողմից, դժվար չէ կորցնել վստահությունը միջազգային հավաքների արժեքի նկատմամբ։

Բայց թեպետ մենք երկար ճանապարհ պիտի անցնենք մինչ լիարժեք հավասարության հասնելը՝ որպես կարևորագույն նպատակ ունենալով գենդերային հիմքով բռնության դադարեցումը, վերջին երկու տասնամյակների առաջընթացն ապացուցել է 1995 թ. Պեկինում տեղի ունեցած Կանանց դրությանը նվիրված խորհրդաժողովի անանց կարևորությունը։

Պեկինյան հռչակագրի և գործողությունների ծրագրի ընդունումից ի վեր ավելի մեծ թվով աղջիկներ են ստացել ավելի բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն, քան երբևէ նախկինում։

Ծննդաբերության ժամանակ կանանց մահացության դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են։ Ավելի մեծ թվով կանայք են ձեռնարկություններ, կառավարություններ և համաշխարհային կազմակերպություններ ղեկավարում։ Ես ողջունում եմ այս առաջխաղացումները։

Միևնույն ժամանակ, Կանանց միջազգային այս օրը մենք պետք է գիտակցենք, որ ձեռքբերումները չափազանց դանդաղ և անհամաչափ են եղել, և որ պետք է շատ ավելին անենք՝ ամենուր խթանելու առաջընթացը։ Աշխարհը պետք է միավորվի՝ ընդդեմ վայրագ ծայրահեղականների կողմից կանանց և աղջիկների թիրախավորման։

Նիգերիայից ու Սոմալիից մինչև Սիրիա և Իրաք՝ կանանց մարմինները մարտադաշտ են դարձել հատուկ և համակարգված ծրագրեր իրականացնող մարտիկների համար՝ հաճախ ազգային կամ կրոնական հիմքով:

Կանայք հարձակման են ենթարկվել, երբ փորձել են իրացնել կրթության և հիմնական ծառայություններից օգտվելու իրենց իրավունքը, նրանց բռնաբարել և դարձրել են սեռական ծառայություն մատուցող ստրուկներ, որպես մրցանակ հանձնել են մարտիկներին կամ թրաֆիքինգի ցանցերի միջոցով իրականացրել նրանց առուվաճառքը ծայրահեղական խմբերի միջև։

Բժիշկները, բուժքույրերը և այլք սպանվել են իրենց մասնագիտական կարողությունները գործի դնելիս։ Այսօրինակ գազանություններին մարտահրավեր նետելու բավարար քաջություն ունեցող կին իրավապաշտպանները հանուն այս գործի վտանգում, իսկ երբեմն՝ կորցնում են իրենց կյանքը։

Մենք պետք է հստակ համաշխարհային դիրք գրավենք՝ ընդդեմ կանանց մարդու իրավունքների այս լիակատար ոտնահարման: Միջազգային հանրությունը պետք է իր վրդովմունքը փոխակերպի իմաստալից գործողությունների, այդ թվում մարդասիրական օգնություն ցուցաբերելու, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու, կենսամիջոցների ապահովմանն աջակցելու և մեղավորներին արդարադատության առջեւ կանգնեցնելու միջոցով:

Քանի որ հարձակման առաջնային թիրախները հաճախ կանայք և աղջիկներն են, նրանց իրավունքները պետք է լինեն մեր ռազմավարության առանցքը՝ լուծելու այս զարհուրելի և ահագնացող խնդիրը: Ընդլայնված հնարավորություններով և իրավասություններով կանայք ու աղջիկները հակամարտությունից հետո կայուն զարգացման ամենախոստումնալից ռեսուրսն են:

Նրանք տնտեսական աճի լավագույն շարժիչ ուժն են, հաշտեցման լավագույն միջնորդը և լավագույն պատվարը՝ ընդդեմ երիտասարդների արմատականացման և բռնության շրջափուլերի կրկնության: Նույնիսկ խաղաղ հասարակություններում չափազանց մեծաթիվ աղջիկներ և կանայք դեռևս ենթարկվում են ընտանեկան բռնության, կանանց սեռական օրգանների խեղման վտանգին և բռնության այլ ձևերի, ինչի արդյունքում հաշմվում են անհատներ և վնասվում ամբողջ հասարակություններ: Խտրականությունը դեռևս կայուն խոչընդոտ է, որը պետք է փլուզել:

Մենք պետք է ընդլայնենք հնարավորությունները քաղաքականության մեջ, գործարար ասպարեզում և այլուր: Պետք է փոխենք մտածելակերպեր, հատկապես տղամարդկանց շրջանում, և ներգրավենք տղամարդկանց՝ դառնալու փոփոխության ակտիվ մասնակիցներ:

Եվ պետք է ամրապնդենք մեր վճռականությունը ռեսուրսներով՝ հիմնվելով հստակ գիտակցման վրա, որ գենդերային հավասարությանն ուղղված ներդրումները նպաստում են տնտեսական առաջընթացին, սոցիալական և քաղաքական ներառմանը և այլ օգուտների, որոնք, իրենց հերթին, ամրապնդում են կայունությունն ու մարդկային արժանապատվությունը:

Սա չափազանց կարևոր տարի է կանանց մարդու իրավունքների գործն առաջ մղելու առումով: Միջազգային հանրությունը լարված աշխատում է՝ մշակելու կայուն զարգացման նոր օրակարգ, որը հիմնված կլինի Հազարամյակի զարգացման նպատակների վրա և քաղաքականություններ ու սոցիալական ներդրումներ կձևավորի հաջորդ սերնդի համար: Իրական փոփոխություններ հարուցելու համար 2015 թ. հետո զարգացման օրակարգում առաջնահերթ ուշադրություն պետք է հատկացվի գենդերային հավասարությանը և կանանց հնարավորությունների ընդլայնմանը:

Աշխարհը երբեք 100 տոկոսով չի իրականացնի իր նպատակները, եթե բնակչության 50 տոկոսն ամբողջովին չիրացնի իր ներուժը: Երբ կապանքներից ազատենք կանանց ներուժը, այնժամ կկարողանանք ապահով ապագա կերտել բոլորի համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս