
Սպանվել են երրորդմասցի Լյովիկը, Դերոն և Մեսրոպը (լրացված)

Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանն էր: 168.am-ի լրագրողը դեպքի վայրից տեղեկացրեց, որ 1972թ. ծնված Լևոն Ղազարյանը և 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը (Դերո մականունով), ստացած հրազենային վնասվածքից մահացել են Էրեբունի հիվանդանոց հասցնելու ճանապարհին։ Պարզվել է նաև երրորդ սպանվածի ինքնությունը: Նրա անունը Մեսրոպ է: Նա մահացել է տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում և նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում: Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ, քննիչներ։
Հիշեցնենք, որ 2014թ. մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին: Ըստ ԶԼՄ-ների՝ պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գևորիկին, և նրանց խոսակցությունը չէր ստացվել: Օշականցին հայհոյել էր իր հետ խոսացողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել հարցը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայացել էր, սակայն Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած խոսակցությունը այնքան էր թեժացել, որ Տույն ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկիցներին: