Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին և Էդուարդ Շարմազանովին

Այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հավաք-ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ադրադառնալով՝ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե՝ «իրադարձությունները վերահաստատեցին, որ Հայաստանում առաջիկա 10 տարիներին իշխելու է Հանրապետականը, որևէ պաշտոն ստանալու համար պետք է Մելիք Ադամյան փողոցով անցնել», ինչպես նաև՝ մարտի 1-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ ՀԱԿ-ը դարձյալ միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, ասաց, որ ինքը այդ երկու հայտարարությունների հետ էլ համաձայն չէ.

«Կարող է՝ իրենց նպատակադրումն ուրիշ է, ուրիշ բան էին ուզում ասել, բայց եթե իրենց ասածն այն է, ինչ տեքստի մեջ գրած է, ցավում եմ՝ դրա համար: Այդ 2 հայտարարությունների միջև ես չեմ ուզում նմանություններ փնտրել, ընդհանրություններ որոնել, բայց ակնհայտ է, որ «Ժառանգությունը» առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերից է, և ով՝ քաղաքական, թե քաղաքացիական, իշխանական, թե ընդդիմադիր, իրեն համարում է միակը՝ հիմա, թե 10 տարի անց, մարտին, ապրիլին, թե մայիսին, ինքը չարաչար սխալվում է, և այդ ինքնասիրահարվածությունից պետք է դուրս գանք: Եվ թող իշխանավորը ինձ երբեք չասի՝ մենք չլինենք ո՞րն է այլընտրանքը: Եթե պետություն ենք, ազգ ենք, միշտ պետք է այլընտրանք ունենանք՝ թե իշխանության, թե ընդդիմության: «Ժառանգությունից» անթիվ, անհամար այլընտրանք կա, բայց մեզ ոչ ոք թող խաղից չհանի»:

Լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթի «կոդավորված» հատվածը, որը կարծես, «Ժառանգությանն» էլ էր վերաբերում:

Ր.Հովհաննիսյանը նշեց, որ ինքը շատ մեծ տրամադրվածություն չունի ուրիշների ելույթները մեկնաբանելու. «Ամեն մեկը թող իր ելույթը մեկնի: Այդ կուսակցության ներկայացուցիչներից մեկն ասել է, որ ոչ մի հատված մեզ հետ կապ չունի, բայց դա մխիթարանք չէ, մեծ ցավ է, որ այս հարթակից հետո ռեպլիկներով, մամուլի միջոցով ամեն մեկն իր անկյան մեջ նստած մյուսին ինչ-որ խորամանկ պատասխան է տալիս, ակնարկ է անում: Այսպես որևէ տեղ չենք հասնի: Եթե ամեն մեկը կարծում է՝ ինքն է փրկիչը, այդ փրկիչները թող գան միասին հրապարակ ստեղծեն, թող բարիշեն, ձեռք մենկեն իրար և հարցը լուծեն: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե ում ելույթի որ հատվածն է մեզ վերաբերվում: Մենք առաջիկա ամիսների ընթացքում ձեզ ասելու ենք մեր տեսակետը, իսկ մեր տեսակետը երբեք փրկարարական ինքնասիրահարվածության վրա հիմնված չի լինի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս