Այս տարի ոչ տարածաշրջանային երկրներից Ռուսաստանի ներկրումն անկում է ապրել ավելի քան 1/3-ով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին հեռավոր երկրներից Ռուսաստանի ներկրման ծավալն անկում է ապրել 36.9 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը:

Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին Ռուսաստանը ներկրել է 22.9 միլիարդ դոլար: Ընդ որում՝ փետրվարին ներկրումն աճել է 32.5 տոկոսով՝ համեմատած հունվարի հետ, և կազմել է 13.1 միլիարդ դոլար:

2014 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Չինաստանը (մատակարարել է 51 միլիարդ դոլարի ապրանք), Գերմանիան (գրեթե 33 միլիարդ դոլար), ԱՄՆ-ը (18.5 միլիարդ դոլար), Իտալիան (12.7 միլիարդ դոլար), Ֆրանսիան (10.7 միլիարդ դոլար):

Ներկրման դինամիկայի վրա ազդում է նաև ռուբլու արժեզրկումը: Եթե 2014 թվականի փետրվարին մեկ դոլարն արժեր մոտ 35 ռուբլի, ապա այս տարվա փետրվարին՝ ավելի քան 60 ռուբլի: Ռուսական ռուբլու փոխարժեքը մեկ տարում ընկել է գրեթե կրկնակի, ինչն էլ արտերկրից ապրանքներ գնելը դարձնում է թանկարժեք:

Տեսանյութեր

Լրահոս