
ԵՏՄ-ը մշակում է Հայաստանից ու Կալինինգրադի մարզից ապրանքների շարժի սկզբունքները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ի երկրները մտադիր են մշակել Հայաստանի ու Ռուսաստանի Կալինինգրադի մարզից միության մնացյալ տարածք ապրանքների շարժի կարգը:
Այս մասին այսօր Մինսկում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով նախարար Վլադիմիր Գոշինը:
Նախորդ տարվա դեկտեմբերից Բելառուսը խոչընդոտել է Կալինինգրադի մարզից Մոսկվա հեռուստատեխնիկա փոխադրող մոտ 30 մեքենայի շարժը: Տեխնիկայի մի մասի վրա կալանք է դրվել: Բելառուսի մաքսային ծառայության աշխատակիցները կասկածել են, որ դրանով իսկ փորձում են Մաքսային միությունում օրինականացնել չինական ապրանքը:
Գոշինը հայտարարել է. «Մենք մշակել ենք Կալինինգրադի մարզից Մաքսային միության մնացյալ տարածք ապրանքների տեղափոխման կարգի մասին համաձայնագրի նախագիծ: Ներկայումս այն ենթարկվում է փոփոխությունների, քանի որ համանման վիճակ է ստեղծվել նաև Հայաստանի պարագայում (սահման չունի միության հետ)»:
Գոշինը հավելել է, որ այդ համաձայնագիրն ամբողջովին կկանոնակարգի ապրանքների տեղաշարժի ողջ կարգը: