Ռուս-աբխազական պայմանագիրն ապօրինի է. Զուրաբ Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ապօրինի է 2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանի ու Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունների միջև ստորագրված դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել այսօր.

«Աշխարհում որևէ մեկը չի ճանաչում այդ համաձայնագիրը՝ բացառությամբ Ռուսաստանի և 1-2 երկրի: Այնպես որ իրավական տեսանկյունից այդ համաձայնագիրը, որն այսօր մտել է ուժի մեջ, ապօրինի է»:

Ռուս-աբխազական պայմանագիրը նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան:

Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Ռուսաստանի ու Աբխազիայի զորքերի համատեղ խմբավորման ստեղծման ճանապարհով պաշտպանական ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում: Այդ զորախումբը ենթարկվելու է միացյալ հրամանատարությանը:

Տեսանյութեր

Լրահոս