Դաշնակցության մասին ստորագրված ռուս-աբխազական պայմանագիրը մտել է ուժի մեջ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը մտել է ուժի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա հայտարարել է, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փոխանակումն իրականացվել է այսօր, պայմանագիրը համարվում է ուժի մեջ մտած»: Վավերագրերի փոխանակման արարողակարգն իրականացվել է ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսական կողմից դրան մասնակցել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, իսկ աբխազական կողմից՝ Ռուսաստանում Աբխազիայի դեսպան Իգոր Ահբան: Այդ պայմանագիրը նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան:
Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Ռուսաստանի ու Աբխազիայի զորքերի համատեղ խմբավորման ստեղծման ճանապարհով պաշտպանական ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում: Այդ զորախումբը ենթարկվելու է միացյալ հրամանատարությանը: