Ինչ նպատակով է Հիմնադիր խորհրդարանը ստեղծում «քաղաքացիական բանակը»
«Ժողովրդին մոբիլիզացնող և ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է ձևավորվում, որը պետք է գործի խաղաղ անհնազանդության մեթոդներով՝ դա զինված կազմակերպություն չէ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանի տարածած հայտարարության մասին, որով նա կոչ էր անում բոլորին միանալ իրենց քաղաքացիական բանակին՝ ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ այդ կառույցը ապահովելու է, որպեսզի բողոքի ակցիաները, ցույցերը անցնեն կազմակերպված ձևով:
Նա պարզաբանեց, որ «բանակ» բառը այդ արտահայտության մեջ ընդամենը կազմակերպվածության, կարգապահության իմաստ հաղորդելու նպատակով է օգտագործվել. «Այսինքն՝ ինքը կազմակերպվածության, կարգապահության իմաստով նման է բանակին, իսկ գործողությունների բնույթով և ձևերով՝ քաղաքացիական անհնազանդության, այդ պատճառով էլ այդ զուգադրումն է օգտագործվում՝ քաղաքացիական բանակ»:
Հարցին՝ եթե այդ քաղաքացիական բանակը հայտվի հասարակության մեջ, իրենից վտանգ չի՞ ներկայացնելու, Վ. Ավետիսյանը պատասխանեց. «Բնականաբար՝ ոչ»:
«Դա արվում է, որ սադրանքները խափանվեն, միջոցառումները, գործողությունները կարգ ու կանոնով լինեն, որ ինքնագլուխ, հակաօրինական քայլեր չկատարվեն»:
Մենք հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք արդեն եղե՞լ են դիմողներ քաղաքացիական բանակին միանալու համար, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ կոնկրետ չի կարող ասել՝ քանի հոգի են դիմել, քանի որ ինքը հաշվարկով չի զբաղվում, բայց «տասնյակներով մարդիկ արդեն դիմել են»: