Երբ հարևանը նաև նախագահ է

Այսօր Ազգային ժողովում «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն օրինագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրել է.

«Քննարկվե՞լ է արդյոք պաշտոնաթող բոլոր նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հնարավորությունը: Թող իրար հետ շախմատ խաղան, սուրճ կխմեն, գուցե մի քիչ ագրեսիան կնվազի նախագահների մոտ»: Արծվիկ Մինասյանն ավելացրել է, որ իր այս հարցը ներկայացնում է՝ նաև որպես առաջարկ:

Դաշնակցական պատգամավորի հումորով տրված այս հարցն իրականում այնքան էլ կատակի ժանրում չէ, եթե հաշվի առնենք պաշտոնաթող երկու և գործող նախագահների «համակեցությունը» քաղաքական դաշտում: Իրականում Հայաստանի երեք նախագահներն էլ քաղաքական դաշտում «բնակվում» են կողք կողքի, ժամանակ առ ժամանակ առնվազն հեռակա կարգով «շախմատ» էլ են խաղում, իսկ վերջերս նաև իրար հետ «սուրճ խմելու» առաջարկներով են հանդես գալիս ու դրական պատասխանի արժանանում:

Իրականությունն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ «պատկանում» է Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ այն իմաստով, որ քաղաքական համակարգը կառուցված է այս երեք առանցքների հիման վրա, որոնք ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս նաև՝ որպես երկու առանցքներ: Երեք նախագահներին հաջողվել է քաղաքական դաշտը կիսել այնպես, որ իրենց առանցքներից դուրս գտնվող որևէ քաղաքական ուժ գործնականում զրկվել է քաղաքական գործընթացներում նշանակալի դերակատարում ունենալու հնարավորությունից: Եվ Հայաստանում ընթացող քաղաքական պայքար կոչվածն էլ ժամանակ առ ժամանակ սրվում կամ խաղաղվում է քաղաքական դաշտն «արդարաբար» կիսելու հարցի շուրջ: Այնպես որ, Արծվիկ Մինասյանի առաջարկը կարելի է նաև լրջորեն քննարկել:

Եթե Հայաստանի երեք նախագահները տարիներ շարունակ կարողանում են իրար միջև կիսել քաղաքական դաշտը, ինչո՞ւ չպետք է կարողանան բնակվել կողք կողքի: Այդպես նաև ավելի հարմար կլինի տեխնիկական իմաստով և անհրաժեշտություն չի առաջանա ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալ կամ իրար ուղղված նամակներ գրել: Ամեն ինչ կարելի է քննարկել սուրճի սեղանի շուրջ:

 

Տեսանյութեր

Լրահոս