Գևորգ Կոստանյանը անգործություն թույլ չի տվել. դատարանը մերժեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ: Պատգամավորը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով, սակայն նշում էր, որ դատախազի կողմից անգործություն է ցուցաբերվել:

Դատարանը գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազը չի հրաժարվել դիմողի հաղորդումն ընդունելուց և օգտվելով իր լիազորություններից՝ այն ուղարկել է քննիչին, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի գրությամբ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ չի տրվել անգործություն, հետևաբար դիմողի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ինչը հիմք է բողոքը մերժելու համար:

Զարուհի Փոստանջյանը դատախազից պահանջել էր քրեական գործ հարուցել ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին իր կարծիքով ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով ՀՀ իրավապահ մարմիների, ՌԴ սահմաբապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմական բազայի ղեկավարության իր գնահատմամբ թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ։

168.am-ի հետ զրույցում, խոսելով դատարանի որոշման մասին, Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը, ով ուշացումով էր ներկայացել դատարան՝ ասաց. «Երբ օրենքի տեսակետից նայում ես դատարանի կայացրած որոշմանը, թվում է, թե իսկապես դատարանը ճիշտ որոշում է կայացրել, որովհետև օրենքը հստակ չի ասում, որ 10 օրվա ընթացքում դատախազը պետք է պատասխան տա: Բայց սա, իհարկե, հարցի միայն ձևական կողմն է: Լավ, 10 օրվա ընթացքում չի նշանակում, բա քանի՞ օրվա ընթացքում է նշանակում: Երկրորդ՝ արդեն 50 օր անցել է. այդ հարցերի պատասխանները երբևեէ պետք է ստանա՞նք, թե՞ ոչ: Ազգային ժողովի պատգամավորի բարձրացրած հարցը միայն Ազգային ժողովի պատգամավորի հարցը չէր: Բնական է, որ սա հուզում է ամբողջ հասարակությանը:

Եվ այսօր դատարանն ասաց, մի քիչ կոպիտ ասեմ, որ դատախազը լավ է արել, որ չի պատասխանել, կամ դատախազն ինչ-որ գործողություն արել է, դուք մի քիչ սխալ եք արել, դրա համար ձեզ մերժում եմ, որովհետև դատախազի գործողություններն իրենց մեջ օրենքի խախտում չեն պարունակում:

Մենք ընդամենը մի բան ենք ասում՝ ի՞նչ ճանապարհով կարողնանք ստիպել Դատախազությանը կամ Քննչական կոմիտեին աշխատել, որովհետև ակնհայտ է չէ՞, որ հանցագործություն է տեղի ունեցել, եթե, իհարկե, ճիշտ են ասում: Իրենց իսկ տված տվյալներով՝ պետական սահմանը հատելու փորձ հայտնի է: Այսօր ՀՀ ո՞ր քաղաքացին փորձի սահման հատել, կսպասեն 50 օր, որ հետո որոշեն՝ հատում կատարելու փորձ կա՞, թե՞ ոչ կամ՝ ենթադրենք, զինվորականների կամ ոստիկանների գործողությունների մեջ խախտումներ կան, թե չկան: Այսինքն՝ 50 օրվա մեջ չեն պարզել, բա ե՞րբ են պարզելու»:

«Գտնում եմ, որ այս հարցը իսկապես վերաքննիչ դատարանում քննարկման առարկա պետք է հանդիսանա, ինչը ենթադրում է, որ մենք 15 օրվա ընթացքում պետք է բողոքարկենք վերաքննիչ դատարան»,- եզրափակեց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031