«Պետությունը թող պարզեր, թե ինչու է երկրից գնացել Աշոտյանի պապերի Դրախտիկ գյուղի այսինչ պապիկը». Վահան Շիրխանյան

«Առաջին նախագահն ասում՝ պետություն, շարժվիր իմ ուղենշած ուղիով և մի շեղվիր, եթե շեղվես, կարող է՝ լինել աղետալի հետևանք: Այսինքն՝ եթե դու հիմա այս հռչակագիրն ընդունեցիր, աշխարհի երկրները շուռ կգան Հայաստանից, Թուրքիան կկատաղի, և մենք կունենանք աղետալի հետևանք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին հնչեցրած ելույթի մասին՝ ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նա նշեց, որ առաջին նախագահի այդ մոտեցումն ինքը չի ընդունում. «Ես համարում եմ, որ Ցեղասպանության 100-որդ տարելիցի հիշատակմանը նվիրված հռչակագիրը գրված է մեղմ: Դա պետք է ավելի խիստ լիներ: Համաձայն չեմ առաջին նախագահի հետ, որ նա ասում է, որ պետք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, երբ Թուրքիան միայն նախապայմաններ է թելադրում: Հռչակագիրը պետք է դառնար հայությանը համախմբող մի փաստաթուղթ, քաղաքական հիմք: Եթե մենք գոնե այդ առիթով չկարողանանք համախմբել հայությանը, երբեք համախմբել չի լինի»:

Վ. Շիրխանյանը չի հիշում, թե երբևէ Հայաստանում պետությունը արտագաղթի պատճառների շուրջ ուսումնասիրություն անցկացրած լինի. «Ոչ թե ՄԱԿ-ը, չգիտես՝ ով, այլ հենց պետությունը: Պետությունը թող պարզեր, թե ինչու է գնացել Աշոտյանի պապերի Դրախտիկ գյուղի այսինչ պապիկը: Հետո տեսնեին՝ հնարավո՞ր էր այդ պատճառները կանխել, որ այդ մարդը չգնար: Չի՛ արվել: Ես, որ ասում եմ ազգային ծրագիր, նկատի ունեմ այն, որ պետությունը կարող է բարգավաճել, միասնական լինել իր ժողովրդի հետ, եթե կա մի ընդհանուր գաղափար, որը նրան միավորում է: Այդ ընդհանուր գաղափարը մենք չունենք: Եւ Ցեղասպանության 100 տարվա հիշատակումը կարող է այդ բացը լրացնել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս