Վահան Շիրխանյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին. «Թող աներ իր հանրահավաքը, վեր կենար հայտարարեր, որ սաղ սուտ է, ինչո՞ւ չարեց»

«Ես չեմ համարում, որ Հայաստանում եղել է ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը նշանակում է քաղաքական կառույց՝ հիմնված գաղափարական դրույթների վրա: Ընդդիմությունը, որն ասում եք, թե փոշիացավ՝ գաղափարական հիմքեր չուներ, իսկ եթե քաղաքական պայքարը չունի գաղափարական հիմքեր, ապա այդ պայքարը նույնպես քաղաքական համարել չի կարելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ համարո՞ւմ եք, որ վերջին շրջանում ընդդիմության փոշիացման գործընթաց տեղի ունեցավ, ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Ըստ նրա՝ ոչ իշխանական եռյակի պայքարը պարզապես պայքար էր՝ իշխանությունը վերցնելու համար. «Եվ եթե հաշվի առնենք, որ այնտեղ հավաքվել էին խիստ տարբեր հայացքների տեր մարդիկ, և քաղաքական պայքարի, գաղափարների ընդհնարություն լինել չեր կարող, պետք էր նախօրոք ենթադրել, որ վախճանն այդպիսին է լինելու»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ կարծիք հայտնեց, որ ընդդիմություն միշտ կա և լինելու է, ուղղակի խնդիրն այն է, թե այդ ընդդիմությունը ինչ առանցքի շուրջ է միավորվում. «Եթե այդ առանցքի մեջ չկա գաղափարական, նպատակային պայքար, ընդդիմությունը շատ ավելի ցաք ու ցրիվ է լինում և հանուն ինչ-որ բանի է գնում:

Այս ընդդիմությունը՝ միավորումները (չեմ ասում կուսակցությունները, գուցե կուսակցություններն ամեն մեկն իր առջև իրոք նպատակներ ունի), եթե միավորվում են նպատակային և այն ունի գաղափարական հենք, ընդդիմությունը անպայման կմիավորվորվի, և հասարակությունը՝ այդ դժգոհ մասսան կհավատա ընդդիմությանը: Մեր ընդդիմության ցավը նրանում է, որ չկարողացան միավորման նպատակը տեսնել: Ամեն մեկը ուներ իր խնդիրները, մեկը մյուսին շատ հակասող նպատակներ և փորձում էին միավորվել և իշխանափոխություն անել, բնականաբար, դա չէր ստացվի»:

ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ իրենք տեսնում էին հասարակության հավատը ընդդիմության նկատմամբ:

Դիտարկմանը՝ ջարդեցիք այդ հավատը, Լ. Ալեքսյանյանն այսպես արձագանքեց.

«Քաղաքականության մեջ երբեք մի օրում ոչինչ չի լինում, դա շարունակականություն է, արտահայտման պահեր կան: Դա անցումային պրոցես է»:

Վ. Շիրխանյանն էլ ասաց, որ եթե անգամ նախագահը խոսեց Ծառուկյանի մասին, Ծառուկյանը հաջորդ օրը կարող էր անել իր հանրահավաքը, ասեր, որ շարունակում են պայքարը. «Թող աներ իր հանրահավաքը, վեր կենար հայտարարեր, որ սաղ սուտ է, մենք շարունակում են պայքարը: Ինչո՞ւ չարեց: Ի՞նչ է նշանակում՝ մի գիշերվա մեջ կոտրեց: Թող շարունակեր, եթե ընդդիմադիր քաղաքական գործիչը նպատակ ուներ գնալ մինչև վերջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս