Բելառուսը Հայաստանին է արտահանձնել «Արմենտելի» տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովին
Cnews-ի փոխանցմամբ՝ Բելառուսի իշխանությունները Հայաստանին են արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Սաչկովին, ով ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Վիմպելկոմ», «Արմենտել» և Velcom հեռահաղորդակցային ընկերություններում:
Նա մեղադրվում է հայկական «Արմենտել» ընկերությունում աշխատելիս միջազգային թրաֆիքի փոխանցման «գորշ» սխեմա ստեղծելու և համապատասխան եկամուտները յուրացնելու մեջ:
Վլադիմիր Սաչկովը Հայաստան է ժամանել 2009 թվականին և զբաղեցրել է «Վիմպելկոմի» հայկական «դուստր» ձեռնարկության՝ «Արմենտելի» տեխնիկական բլոկի տնօրենի պաշտոնը: 2013 թվականին փոխվել է հայկական օպերատորի ղեկավարությունը, և Վլադիմիր Սաչկովը շուտով մեկնել է Բելառուս:
Մեկ տարի առաջ նրան նշանակել են Velcom-ի տեխնիկական հարցերով փոխտնօրեն, իսկ ավելի ուշ 40-ամյա թոփ-մենեջերի նկատմամբ քրեական գործ է հարուցել Հայաստանի ԱԱԾ-ը: Սաչկովը ձերբակալվել է 2014 թվականի մայիսին՝ Բելառուսից Ավստրիա փախչելու փորձ կատարելիս:
Հետաքննությունը վստահեցնում է, որ «Արմենտելի» նախկին ղեկավարությունը ընկերությանը պատճառել է 3.64 միլիոն դոլարի վնաս և ևս մոտ 1.8 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը՝ չվճարած հարկերի տեսքով: Վլադիմիր Սաչկովի փաստաբանը հայտարարել է, որ նա չի ընդունում իր մեղքը և պատրաստվում է ցուցմունքներ տալ: