Վրաստանի նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ը մեկնաբանել են Բորիս Նեմցովի սպանությունը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի կենտրոնում ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հարված է ողջ առաջադեմ մարդկության համար. «Ես ցնցված եմ Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ:
Նա այնպիսի քաղաքական գործիչ էր, ով վերջին երկու տասնամյակում անշեղորեն պայքարել է ժողովրդավարական իդեալների ու ազատությունների համար: Այդ սպանությունը հարված է ողջ առաջադեմ մարդկության համար, այն պետք է հետաքննվի անպայմանորեն»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նույնպես հայտարարել է, որ ցնցված է Նեմցովի սպանության կապակցությամբ և հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն. «Ես ցնցված եմ այդ աղետից, որը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում. սպանվել է ռուս նանավոր քաղաքական գործիչներից Բորիս Նեմցովը:
Ես կտրականապես դատապարտում եմ այդ սարսափելի բռնությունը՝ հուսալով, որ այդ ծանր հանցանքը կատարողները կհայտնաբերվեն և պատասխան կտան օրենքի առջև». Գարիբաշվիլին ընդգծել է, որ կիսում է Նեմցովի ընտանիքի ու մերձավորների վիշտը, ինչպես նաև իր ցավակցություններն է հղել ռուս ժողովրդին:
Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը և հայտարարել է, որ անհրաժեշտ է իրականացնել այդ գործի արագ և ադեկվատ հետաքննություն: Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն հայտարարել է.
«Մենք դատապարտում ենք այդ սարսափելի սպանությունը, որին զոհ է գնացել ընդդիմադիր գործիչ: Հետաքննությունը պետք է անցկացվի թափանցիկ, արագ և ադեկվատ: Բոլոր մեղավորները պետք է կանգնեն արդարադատության առջև»: