Բաժիններ՝

«Վատ է, որ 1.5 տարի հետո եկան այս լուծմանը». ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ

«Շատ լավ է, որ վերջապես ականջալուր եղան բարձրացված հարցերին, բայց վատ է, որ կրկին գնում են այն ճանապարհով, որ ամենքից խելոքն են ու ոչ մեկին չեն լսում: Նաև վատ է, որ 1.5 տարի հետո եկան այս լուծման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ գնահատելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները:

Նա հստակեցրեց, որ ի տարբերություն նախկինի, երբ շրջանառության հարկը նվազեցվում էր մինչև 1%՝ պարտադիր փաստաթղթավորման դեպքում, այժմ նվազեցվելու է մինչև 1.5%, իսկ փաստաթղթավորման բացակայության դեպքում տնտեսավարողները պետք է 5% վճարեն. «Շրջանառությունից հաշվարկում են 5%, նվազեցնում են ձեռքբերումների 4%-ը, բայց ոչ պակաս, քան շրջանառության 1.5%-ը: Ի վերջո 1.5%-ից պակաս չի կարող լինել հարկը»:

Ըստ նրա՝ կառավարությունը ՀԿ-ների գրավոր նախնական առաջարկից կիրառել է՝ «ինչքան ձեռքբերում, այնքան նվազեցում» կոնցեպտը, որի մասին դեռ 1.5 տարի առաջ խոսում էին ՀԿ-ները, մնացած հարցերը ՀԿ-ների հետ չի քննարկվել:

«Հասկանում ենք, որ պետք է տարբերությունը մեծ լինի, և տնտեսվարողի համար արժևորվի 5%, թե 1.5%, բայց քանի դեռ փաստաթղթավորման հետ կապված խնդրահարույց հարցերը չեն լուծվել, ստացվում է, որ առանց լուծում տալու պատժում են: Օրինակ՝ ես ինքս առաջարկում եմ փուլային գնալ և այս տարի հուլիսից, երբ օրենքը մտնի ուժի մեջ, սահմանենք 3.5%, 2015-ին՝ 4%, 2016-ին՝ 5%՝ նույն սկզբունքը պահպանելով: Այդ առաջարկն այսօր ՀԿ-ները գրավոր ուղարկել են կառավարություն: Ներկայացված նախագծի մեջ դրական է, որ շեմը վերանայվեց, կոնցեպտը փոխվեց, կամավորության սկզբունք մտցվեց, բայց դեմ ենք 5%-ին ու այն կետին, որ եթե ապրանքներն այս եռամսյակ ես ձեռք բերում, կարող ես միայն այս եռամսյակ նվազեցնել»,- ասաց Հ.Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս