Ադրբեջանական ընդդիմությունը «Վե՛րջ թալանին» կարգախոսով իր հանրահավաքը նշանակել է մարտի 15-ին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) իր հանրահավաքը նշանակել է մարտի 15-ին: Նման որոշում ընդունվել է ԺՈՒԱԽ-ի կոորդինացիոն կենտրոնի շաբաթօրյա նիստում:
Ակցիայի մասնակիցները բողոքելու են իշխանությունների տնտեսական քաղաքականության, մանաթի կտրուկ արժեզրկման հետևանքով գնաճի դեմ: Նիստի ժամանակ ընդգծվել է, որ երկրի տնտեսական միակողմանի զարգացման, նավթային եկամուտների անարդյունավետ օգտագործման, մանաթի կտրուկ արժեզրկման, գնաճի հետևանքով երկրում սկսվել է վաղուց սպասելի տնտեսական անկումը:
Դրա հետ կապված՝ որոշվել է մարտի 15-ին հանրահավաք անցկացնել այդ ոչ պիտանի տնտեսական քաղաքականության դեմ, որը կանցկացվի «Վե՛րջ թալանին» կարգախոսով: ԺՈՒԱԽ-ը համապատասխան հարցով դիմելու է Բաքվի գործադիր իշխանությանը: ԺՈՒԱԽ-ը նաև կտրականապես դատապարտել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել թանկացումների դեմ: