Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել թանկացումների դեմ (տեսանյութեր)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` 300-400 երիտասարդներ երեկ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվի կենտրոնում` կապված թանկացումների հետ, որոնք հանդիսանում են մանաթի փոխարժեքի կտրուկ անկման հետևանք:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ո´չ գնաճին», «Թալանչիներ», «Բարձրացրե´ք թոշակներն ու նպաստները»: Ոստիկանները շրջափակել են ցուցարարներին և նրանց դուրս են մղել Շատրվանների հրապարակից:
Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են և տարվել ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածների թվում կան նաև թոշակառուներ, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել գնաճի կապակցությամբ` չնայած նրան, որ իշխանությունները խոստացել էին թույլ չտալ դա:
Թոշակառուներից մեկը վրդովված հայտարարել է, թե ինչպես կարելի է ապրել 170 մանաթ թոշակով, երբ շուրջ բոլորն ամեն ինչ թանկանում է. «Ո՞ւր են նայում նրանք, ինչի՞ մասին են մտածում»: