Բաժիններ՝

Ուկրաինայի վերաբերյալ Բորիս Նեմցովի արտահայտություններից 10 ամենավառ մեջբերում. Forbes

Forbes պարբերականը հիշատակել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի արտահայտություններից 10 ամենավառ մեջբերում, որոնք առնչվում են Ուկրաինային:

1. Ուկրաինացի քաղաքական գործիչների որակների մասին
Ուկրաինան չունի իր Գայդարը, և դա աղետ է: Որևէ մեկը չի ցանկանում ստանձնել ծանրագույն պատասխանատվություն երկրի ճակատագրի համար: Որևէ մեկը չի ցանկանում դառնալ կամիկաձե: Թե´ Պորոշենկոն, թե´ Յացենյուկը մտածում են իրենց վարկանիշների մասին և ոչ թե նրա մասին, թե ինչպես երկիրը դուրս բերեն տնտեսական ճգնաժամից:

Նրանք երկուսն էլ պետք է կողմնորոշվեն, թե իրենց համար ինչն է ավելի կարևոր. սեփական քաղաքական կարիերա՞ն, թե՞ Ուկրաինայի ճակատագիրը: Քանի դեռ չի գտնվել ուկրաինական Գայդարը, երկիրը հավասարակշռվելու է կյանքի ու մահվան միջև: Ի ուրախություն Պուտինի:

2. Ղրիմի բռնակցումից Վլադիմիր Պուտինի ստացած դիվիդենդների մասին
Միակ բանը, որը (Վլադիմիր Պուտինը) ցանկացել ու ստացել է, բարձր վարկանիշն է, որը հենված է կայսերական հիստերիայի ու քարոզչության ցինիկ կեղծիքի վրա: Սակայն դա երկար չի տևի: Շուտով ժողովուրդը կհասկանա, որ գներն աճել են, իսկ եկամուտները՝ ոչ: Երկար ժամանակ չի ստացվի ամեն ինչ Օբամայի վրա բարդելը:

3. Նադեժդա Սավչենկոյի մասին
Նադեժդա Սավչենկոն արդեն ուժ չունի կանգնելու համար, և նա կարող է մահանալ: Ես նաև հասկանում եմ, որ նրա մահը կհանգեցնի Պուտինի դեմ անհատական պատժամիջոցների սահմանմանը, քանի որ Սավչենկոյին ազատ արձակելու մասին նրան խնդրել են բոլորը՝ Մերկելից մինչև Պորոշենկո:

4. Արժանապատվության հեղափոխության մասին
Արյունալի Մայդանից կարելի էր խուսափել, դրա համար պետք էր միայն անցկացնել ազնիվ, արդար ընտրություններ, դադարեցնել հեռուստատեսությամբ ստելն ու չեղյալ հայտարարել գրաքննությունը: Այդ դեպքում մարդիկ իրենց խնդիրները կլուծեին ընտրատեղամասերում և ոչ թե հրապարակներում:

5. Ձգձգվող պատերազմի նախանշանների մասին
Ինչպես որ ես կանխատեսել էի, Պուտինը դեմ է արտահայտվել Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին՝ դրանով իսկ հաստատելով հետագայում պատերազմելու իր ցանկությունը: Ուկրաինային զենք մատակարելն անխուսափելի է, պատժամիջոցների խստացումը՝ նույնպես: Պատերազմը շարունակվելու է: Այդ ամենը բնականաբար սարսափ է:

6. Մինսկյան պայմանավորվածությունների մասին:
Մինսկ-2-ը մահացել է՝ չհասցնելով ծնվել: Զախարչենկոն չի պատրաստվում իրագործել Մինսկյան համաձայնագրերը: Նա չի ցանկանում Դեբալցովոյի շրջանում դադարեցնել կրակը, ողջ Դոնեցկի մարզի տարածքը հայտարարել է ԴԺՀ-ի գոտի: Նա ուկրաինացի սահմանապահներին չի հանձնելու սահմանի վերահսկողությունը և ԴԺՀ-ի տարածքը համարում է Ուկրաինայից քաղաքականապես անկախ: Որքան արագ հասկանա Ուկրաինան, որ ԴԺՀ-ը Գազայի հատված է, այնքան կլինի ավելի լավ:

7. Ուկրաինայի վերաբերյալ տհաճ ճշմարտության մասին
Շատ ցավալի է, որ Ուկրաինան Եվրոպայի ամենակոռումպացված երկիրն է, այն կոռուպցիայի հարցում ավելի վատ վիճակում է, քան՝ անգամ Ռուսաստանը: Մասնավոր սեփականությունը պաշտպանված չէ, ֆոնդային շուկան բացակայում է, գրիվնայի արժեզրկումը կազմում է ավելի քան 50 տոկոս: Դրա համար էլ ես կարծում եմ, որ այն բանից հետո, ինչ կավարտվի պատերազմը, անհրաժեշտ է զբաղվել տնտեսական բարեփոխումներով:

8. Ուկրաինայի տնտեսության համար փրկության բաղադրատոմսերի մասին
Առաջին հերթին անհրաժեշտ է կտրականապես կրճատել պետական ապարատը: Եվ երկրորդ՝ անհրաժեշտ է կրճատել ծախսերը: Հարկ կլինի ձգել գոտիները, սակայն հարկ է անել դա: Եվ երրորդ՝ անհրաժեշտ է աջակցել մասնավոր նախաձեռնությանը: Ես նկատի ունեմ թե´ ակցիավորելը, թե´ սեփականաշնորհումը, թե´ փոքր ու միջին բիզնեսին աջակցելը: Դա կատարելապես անհրաժեշտ է անել, այլապես երկիրը կմնա առանց աշխատատեղերի:

9. Տեղեկատվական պատերազմում պարտության մասին
Այն, որ Ուկրաինան տանուլ է տվել տեղեկատվական պատերազմը, փաստ է: Սակայն փաստ է նաև այն, որ դուք չպետք է շատ ծանր տանեք դա: Դուք նացիստական պետություն չեք:

10. Իշխանության թարմացման մասին:
Տիմոշենկոյի հարցում կա խնդիր: Նա խարիզմատիկ է, վառ, կարելի է անգամ ասել, որ լեգենդար է՝ լավ ճաշակով: Ամեն ինչ հրաշալի է: Սակայն նա ունի բեքգրաունդ: Ինձ թվում է, որ ուկրաինացիներն ունի թարմացման ինչ-որ պահանջ: Պորոշենկոն ամեն դեպքում թվում է նորովի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս