Մոսկվայում անցկացվող երթին Ուկրաինայի դրոշներով մասնակցող անձանց բերման են ենթարկել
Մոսկվայի կենտրոնում անցկացվող երթին, ըստ կազմակերպիչների, մասնակցում է արդեն շուրջ 100 հզր. մարդ: Ակցիան մեկնարկել է Սլավյանսկի հրապարակից եւ շարունակվում է Մոսկվորեցկի կամրջի վրա, այն վայրում, որտեղ սպանել էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին:
Ինչպես տեղից հաղորդում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, երթի մասնակիցներից մի քանիսին, ովքեր Ուկրաինայի ազգային դրոշներով էին, բերման են ենթարկել ՌԴ հատուկ ջոկատայինները:
Ակցիային մասնակցում են «РПР-Парнас» կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Իլյա Յաշինը, Գրիգորի Յավլինսկին, Սերգեյ Միտրոխինը, քաղաքական, հասարակական այլ գործիչներ, մտավորականներ եւ լրագրողներ:
Երթի մասնակիցները տանում են ՌԴ եռագույնները, «РПР-Парнас» կուսակցության եւ «Солидарность» շարժման դրոշները: Ցուցարարները պարզել են «Հերոսները չեն մահանում», «Նա մարտնչում էր ազատ Ռուսաստանի համար», «Պրոպագանդան սպանում է» եւ այլ կարգախոսներով պաստառներ:
«Բորիսին սպանեցին մթության մեջ` թիկունքից հարվածելով: Գնդակահարեցին ճշմարտության համար»,-նշել է Կասյանովը` առաջարկելով Մոսկվորեցկի կամուրջը կոչել Բորիս Նեմցովի անունով` Немцов-мост: