Տնական դիմակներ՝ մաքուր և հարթ մաշկ ունենալու համար
Կան բազմաթիվ քսուքներ, սկրաբներ, դիմակներ, որոնք մաքրում, թարմացնում և խոնավեցնում են դեմքի մաշկը: Սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե հատկապես դրանցից որն է օգնում իր մաշկը խնամելուն: Ուստի առավել նպատակահարմար է նախապատվությունը տալ տանը պատրաստված դիմակներին: Քսուքներ պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնք ոչ միայն կօգնեն լավացնել ձեր մաշկը, այլև շատ մատչելի են: Ձեզ ենք ներկայացնում դեմքի մաշկի համար նախատեսված մի քանի դիմակներ:
Յուղոտ մաշկի համար նախատեսված ելակի քսուք– Այս դիմակը շատ հեշտ է ստանալ, միակ բանը, որ ձեզանից կպահանջվի՝ թարմ ելակն է: Տրորեք թարմ ելակը և քսեք դեմքին, թողեք մնա դեմքին 10-15 րոպե: Չորանալուց հետո տրորեք դեմքը, լվացեք գոլ ջրով: Այս դիմակը ոչ միայն կօգնի մաքրել մաշկը, այլև՝ կվերականգնի այն:
Երիցուկի սառույց– Դեմքի կարմրությունն ու գրգռված վիճակը հանգստացնելու համար պետք է օգտագործել այնպիսի միջոց, որը կվերացնի բորբոքումները: Այս ամենից ազատվելու համար օգտագործեք երիցուկ: Դեմքը կարող եք մաքրել երիցուկի թուրմով պատրաստված սառույցներով: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի երիցուկ և եռացրած ջուր. խառնեք բաղադրիչները և թողեք թրմվի, այնուհետև ստացված թուրմը լցրեք սառույցի ամանների մեջ և տեղադրեք սառցախցիկը:
Ամեն առավոտ օգտագործեք սառույցի կտորները: Երիցուկը շատ լավ է ցանկացած տեսակ ալերգիաների և բորբոքումների դեպքում:
Վարունգի դիմակ- Այս դիմակն օգտակար է ցանկացած մաշկի համար: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է վարունգ և թթվասեր: Դիմակը կթարմացնի մաշկը, բացի այդ, այն նաև կխոնավեցնի և կսպիտակեցնի դեմքը: Եթե դեմքի մաշկը չոր է, կարող եք մի փոքր ձիթայուղ ավելացնել տրորած վարունգին և դիմակը քսել դեմքին: Դիմակը քսելուց հետո 10-15 րոպե անց լվացվեք տաք ջրով: Իսկ եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա այդ զանգվածին ավելացրեք կիտրոնի հյութ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը