Ստյոպա Սաֆարյանը՝ Բորիս Նեմցովի սպանության մասին. «ՌԴ իշխանություններն անհաջող ինքնապաշտպանության փորձ են կատարում»

«Ընդհանուր առմամբ, իհարկե, այս պահին հայտնված կարծիքները զուտ համոզմունքի մակարդակի են, որովհետև դրանք ավելի շատ հենվում են ռուսաստանյան իրականության որակական դիտարկումների և գնահատականների վրա և թույլ են տալիս որոշակի մոտավորությամբ, բայց առավել հավանական համարել այն վարկածը, որ Բորիս Նեմցովը սպանվել է իր հասարակական-քաղաքական գործունեության, Կրեմլին անհաճո լինելու և, ըստ էության, ժողովրդավարության կողմնակից լինելու համար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին՝ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ներում այս պահին փորձ է արվում ներկայացնել ամենատարբեր վարկածներ, այդ թվում՝ սպանությունը կենցաղային՝ խանդի հողի վրա կատարված լինելու առումով, բայց, ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանություններն այդ երկրում ձևավորել են մի այնպիսի վտանգավոր մթնոլորտ, որտեղ բավական հեշտ է այս կամ այն անձի շուրջ ձևավորել «զոհի դաշտ» և նրան բարձրացնել զոհասեղան.

«Մի երկրում, որտեղ արտասահմանյան կազմակերպությունների հիմնադրամների ներկայացուցիչները պետական մակարդակով պաշտոնապես անվանվում են՝ որպես ագենտներ, որտեղ Կրեմլի քաղաքական գծին դեմ արտահայտվողները քարոզչամեքենայի կողմից հռչակվում են՝ որպես երկրի թշնամիներ, բնականաբար, այդ երկրում զբաղվել նրանով, ինչով զբաղվում էր Բորիս Նեմցովը, իհարկե, չափազանց վտանգավոր է կյանքի համար, և բնական է, որ Բորիս Նեմցովն իր մահից 2 շաբաթ առաջ զգացել էր իր ծավալած գործունեության վտանգավորությունը և նույնիսկ նշել էր, որ Պուտինն իրեն կվերացնի»:

Մեր հարցին՝ քանի որ Բ.Նեմցովը խոսել էր իր հնարավոր սպանության մասին ՌԴ նախագահի կողմից՝ սպանությունից մոտավորապես 20 օր առաջ, այդքան պարզունա՞կ են ՌԴ իշխանությունները՝ այդ քայլն անելով, քանի որ պարզ է, որ նման պարագայում կասկածների ալիքն ուղղվում է նրանց ուղղությամբ, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Հետաքրքիր բան է, որ հերթական անգամ, հերթական ոճրագործության պարագայում Ռուսաստանի իշխանությունները, չգիտես՝ ինչպես և ինչու, բավականին հնարամիտ ձևով իրենց ներկայացնում են՝ որպես այդ հանցագործության տուժող կողմ, որ իբրև թե հանցագործությունը կատարված է Ռուսաստանի դեմ՝ ՌԴ-ի իշխանություններին վարկաբեկելու նպատակով: Ավելի վաղ Պուտինը, նկատի ունենալով առաջիկայում մարտի 1-ին կազմակերպված այդ «Գարուն» հակապատերազմական ակցիան, խոսել էր հնարավոր սպանության մասին, բայց միաժամանակ ակնհայտ է, որ դրանով շատ անհաջող ալիբի էր ստեղծել: Եթե մի հանցագործության դեպքում Պուտինը կարող է համոզել, ապա երկրորդի, երրորդի դեպքում արդեն լուրջ չի ընկալվում: Այս պարագայում մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանություններն անհաջող ինքնապաշտպանության փորձ են կատարում»:

Հարցին էլ՝ այսինքն՝ հավանական չե՞ք համարում իրենց առաջ քաշած այդ թեզը, որ գուցե հենց իշխանությունների դեմ արված քայլ էր, Ս.Սաֆարյանը պատասխանեց, որ ոչինչ բացառել չի կարելի.

«Ես չեմ ուզում նաև կասկածի դակ դնել ռուսական իշխանությունների անմեղությունը, բայց մի փոքր տարօրինակ է. դեպքերին նախորդած ժամանակագրությունը կարծես թե մի փոքր այլ բանի մասին է խոսում: Պուտինը խոսում է հնարավոր սպանության մասին և ասում է, որ ինքը ծանոթ է այդ տեխնոլոգիաներին, որոնք արդեն քանի տարի Արևմուտքից փորձում են կիրառել Ռուսաստանի դեմ: Ներեցեք, բայց ինքը պետք է որ կանխեր այս հանցագործությունը, եթե համարում է սա իսկապես պատվիրված սպանություն»:

Տեսանյութեր

Լրահոս