Արմեն Մարտիրոսյանը՝ Բորիս Նեմցովի սպանության մասին. «Իշխանությունները շատ հանգիստ կարող էին բռնել սպանողին, եթե իրենց մատը խառը չէր»

«Նախ՝ ցավակցում եմ, որովհետև շատ վառ քաղաքական գործիչ էր Բորիս Նեմցովը, Ռուսաստանի նոր ռեֆորմիստական դաշտի ներկայացուցիչն էր և բավականին վառ անհատականություն էր»,- 168.am-ի հետ խոսելով ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր սպանվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Նախնական տեղեկություններով, Նեմցովի վրա չորս կրակոց է արձակվել սպիտակ ավտոմեքենայից, որը կրակոցներից հետո փախուստի է դիմել։ Բ. Նեմցովը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ նման դեպքերում, բացի քաղաքականից, ուրիշ դրդապատճառ չի լինում. «Որովհետև այդ կարգի մարդկանց հետ այլ պատճառներով երբևիցե բան չի լինում, միակ տրամաբանականը քաղաքական դրդապատճառն է՝ թե ո՞ր կողմից է եղել, իհարկե, կդժվարանամ ասել, բայց ցանկացած պարագայում, ինձ համար միանշանակ է, որ պատճառը քաղաքական է»:

Մեր ճշտող հարցին՝ նկատի ունեք՝ սպանությունը կարող է և՛ իշխանությունների կողմից կատարված լինել, և՛ այլ ուժերի՞, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել. «Քաղաքական գործչի սպանությունը կարող է լինել և՛ իշխանությունների կողմից, և՛ այլ ուժերի կողմից՝ իրավիճակը բորբոքելու համար»:

Հիշեցնենք, որ Sobesednik.ru կայքը դեռևս փետրվարի 10-ին հրապարակել էր Բորիս Նեմցովի հարցազրույցը, որտեղ նա մտավախություն էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատժի իրեն` իր ընդդիմադիր հայացքների համար:

Մեր հարցին՝ այս հանգամանքը ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ սպանության համար, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.

«Նախ, երևի, ինչ-որ մի բան կանխազգացել է, բայց մյուս կողմից էլ՝ եթե նմանատիպ հարցազրույց է տվել, կարող է այդ ուժերը փորձեին սպանություն կատարել, որպեսզի ուղղությունը գնա դեպի Վալդիմիր Պուտինը, բայց այդ դեպքում էլ՝ մեկ ուրիշ խնդիր է առաջանում, որովհետև նման դեպքերում իշխանությունները միշտ նման անձանց հետևում են, և շատ հանգիստ կարող էին բռնել սպանողին, եթե իշխանությունների մատը խառը չէր: Այնպես որ՝ հնարավոր է, որ իշխանությունների մատը խառն է»:

Տեսանյութեր

Լրահոս