Բոլորը սպասում են ԲՀԿ-ին

Մինչ մարտի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը, որ կայանալու է դռնփակ ռեժիմով և որի օրակարգի գլխավոր հարցը Գագիկ Ծառուկյանի գործունեության հետագա ճակատագիրն ու կուսակցության նոր նախագահի ընտրությունն է լինելու, բարգավաճականներն անցել են պասիվ ռեժիմի: Բոյկոտելով Ազգային ժողովի անցած քառօրյա նիստերը` ԲՀԿ-ականները բոյկոտեցին նաև խորհրդարանական երեկվա ճեպազրույցները: Մինչդեռ երեկ ԱԺ ճեպազրույցների առանցքում հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր: Եռյակի մյուս քաղաքական ուժերն այժմ սպասողական վիճակում են, թե ինչ կասի ու կորոշի «Բարգավաճ Հայաստանն», ու իրենց համագործակցությունն ինչ ուղիով կընթանա կամ արդյոք ընդհանրապես կընթանա՞, թե՞ ոչ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժառանգության» անելիքները պայմանավորեց ԲՀԿ համագումարի արդյունքներով: Նա նշեց, որ այժմ ԲՀԿ-ն սառեցրել է գործընթացները, համագումարը կհստակեցնի ամեն ինչ: «Դասեր քաղելով` պետք է դուրս գանք այս քաղաքական ծանր վիճակից»,- ասաց Ռ. Հակոբյանը: Ըստ Հակոբյանի, մինչ օրս «եթե»-ներին, տարբեր մոտիվացիաներին ավելի մեծ տեղ են տվել, քան պետք էր. «Իմ գործընկերներն իրենց ծրագրերը քաղաքական դաշտում կառուցել են «եթե»-ների վրա, իսկ ես հիմնվում եմ փաստերի վրա: Ամբողջական գնահատականը, թե ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, կտամ, երբ կունենամ ամբողջական ինֆորմացիա»:

«168 Ժամի» հետ զրույցում Ռ. Հակոբյանը նշեց, որ խորհրդարանական ֆորմատով համագործակցությունը բնական է, որ կշարունակվի. «Նկատի ունենալով, որ մինչև եռյակի կամ քառյակի ձևավորումն էլի համագործակցում էինք, կշարունակենք, բայց դա կունենա՞ այն կառուցվածքային տեսքը, ինչ որ ուներ նախկինում, կամ կկոչվի՞ եռյակ, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, այսօր Հայաստանի քաղաքական դաշտը, մասնավորապես` ընդդիմադիր, վերարժևորման, վերաիմաստավորման փուլ է ապրում, և կարծում եմ` «Բարգավաճի» համագումարից հետո որոշ շեշտադրումներ ավելի կհստականան»:

Մեր հարցին` արդյոք ԲՀԿ-ի ետքայլի դեպքում եռյակը կդառնա՞ երկյակ, ու «Ժառանգությունը» կշարունակի՞ պայքարը ՀԱԿ-ի հետ, Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ «եթե»-ներով ենթադրություններ չի անում, և խորհուրդ տվեց սպասել համագումարին: Ամեն դեպքում «Ժառանգությունը» պաշտոնապես չի լինի Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքին. կուսակցության ղեկավարությունը մեկնում է ՀՀ հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղեր, իսկ ովքեր մնում են Երևանում, ազատ են իրենց գործողություններում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գերադասում է «Բարգավաճ Հայաստանին» հանգիստ թողնել, չխառնվել նրա գործերին ու սպասել համագումարի որոշմանը՝ հասկանալու համար, թե ինչ որակով, ինչ քանակով, ինչ ռեսուրսներ են պահպանելու ռեժիմի դեմ պայքարի համար: «Մենք մեր գործն անում ենք, ու մենա՞կ ենք, թե՞ դաշնակիցների հետ միասին` մենք պայքարում ենք: Պատասխանները կտանգ կկողմնորոշվենք: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել և՛ ԲՀԿ-ի, և՛ այն բոլոր ուժերի հետ, որ հասկանում են, որ այս ռեժիմի դիմադրության ոչնչացումը երկրի ոչնչացում է»,- ասաց Զուրաբյանը:

Միաժամանակ Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե տեղյակ չէ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Տեղի է ունեցել աննախադեպ սպառնալիքների, շանտաժների տարափ, որի հետևանքով ԲՀԿ-ն հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից»: Ըստ նրա՝ ռեժիմը խուճապի մեջ էր, երբ պետք է լիներ փետրվարի 20-ի հանրահավաքը, ու աննախադեպ քայլեր արեց, որպեսզի հանրահավաքը թույլ չտա, և ապօրինությունների միջոցով կարողացավ ԲՀԿ-ին խաղից դուրս հանել՝ «ժամանակավոր կամ ոչ ժամանակավոր` պատմությունը ցույց կտա»: «Այս պահին մի քիչ հանգստացել է իշխանությունը: Բայց դա ժամանակավոր հանգիստ է, որովհետև երկրում վիճակն աղետալի է: Ռեժիմը տապալված է ու երկիրը տանում է տապալման»,- ասաց Զուրաբյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատականով` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքը լավագույնն էր, որ կարող էր լինել, քանի որ դա թույլ տվեց խուսափել արյունահեղությունից: Հարցին, թե ո՞վ էր կազմակերպելու արյունահեղություն, Ռուստամյանը պատասխանեց, որ երբ արյունահեղություն է լինում, մեկը մյուսի վրա է բարդում, անգամ անցած տարիներին չենք կարողանում պարզել, թե Մարտի 1-ի զոհերի հետևում ով է կանգնած: Ըստ նրա՝ ամբողջ ծանրությունը մնացել է հասարակության ուսերի վրա, անգամ նրանց վրա, ովքեր կապ չեն ունեցել կատարվածի հետ. «Ուշ է արյունահեղությունից հետո ճշտել, թե ով է մեղավոր: Որևէ զոհ չարժի տալ մի նպատակի համար, առավել ևս, եթե այդ զոհը դու չես: Անբարոյականություն է, չի կարելի նպատակ դնել ու զոհերով առաջ գնալ, եթե այդ զոհերի մեջ դու չկաս»:

Ըստ նրա` համակարգի այն ուժերը, ովքեր համակագրի մեջ են, միշտ գոհ ու երջանիկ են եղել, իսկ այսօր դուրս են եկել ու բողոքում են: Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ում ճգնաժամ է, որովհետև նպատակներ են դրվել, բայց չկան այն գործիքները, որ հասնեն այդ նպատակներին: Ռուստամյանի կարծիքով` միջանձնային հարաբերություններում տեղի ունեցողն այդ ճգնաժամի արդյունքն է: Ըստ նրա` բոլոր նախագահների ժամանակ առճակատումներ են եղել ու միշտ դժգոհություն է եղել, և եթե չորրորդն էլ գա, այս համակարգի դեպքում նույն խնդիրներն են լինելու:

«Այսօր ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվելու, և սա համակարգային երևույթ է»,- ասաց նա` իշխանություններին նախազգուշացնելով, որ էյֆորիայի մեջ չընկնեն, թե այս փուլը վերջացավ, ու կարելի է հանգստանալ: Ռուստամյանի խոսքով` քանի դեռ երկրում խնդիրները կան, Ծառուկյա՞նը կլինի, թե՞ մեկ այլ ոք` հանրային դժգոհությունը կլինի, և այս զինադադարը, որ առաջացել է, պետք է լավագույնս օգտագործել` կանխելու վատ գործընթացները: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն էական փոփոխություն կառաջացնեն, բայց պետք չէ սպասել, այսօր էլ կարելի է իրավիճակը փոխել ու դրական սպասելիքներ առաջացնել:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԲՀԿ-ի հետ կատարվածը բնորոշեց` որպես փոխադարձ կոպրոմատների պատերազմ: Միաժամանակ նա շտապեց հերքել, թե ՕԵԿ-ը լծվել է սեփական շարքերը ԲՀԿ-ի դասալիքներով համալրելու գործին. «Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք: Դա ծիծաղելի սուտ է: Մենք հանդիպել ենք բոլոր գործընկերների հետ, քննարկում ենք համագործակցության, հետագա անելիքների հարցեր: Համոզելը սուտ տեղեկատվություն է: Մենք այն չարախնդող քաղաքական ուժերից չենք: Դա ցույց ենք տվել մեր ապրած կյանքով»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ԲՀԿ համագումարից առանձնապես սպասելիքներ չունի: Հարցին, թե իր կարծիքով` ի՞նչ ընթացք կստանա քաղաքական կյանքը ԲՀԿ-ի համագումարից հետո, նա պատասխանեց՝ «ինչ ընթացք ունեցել է մինչև համագումարը»:

Բաղդասարյանը հայտարարեց, թե այսօր իշխանությունն աշխատում է, որպեսզի Հայաստանում լինի լուրջ, կառուցողական ու գաղափարական ընդդիմություն: Նա պարզաբանեց, թե դա առաջին հերթին` ձեռնտու է իշխանությանը: «Մենք կաշխատենք, նաև ընդառաջ կգնանք, որ վերջիվերջո մեր երկրում քաղաքական իմաստով լինի ընդդիմություն»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` ՀՀԿևն որևէ կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում այս փուլում, բայց միշտ քննարկում է համագործակցության խնդիրը. «Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը ցանկություն կհայտնի մեր երկրում հետագա նպաստավոր պայմաններ ստեղծելու համար իր ծրագրերը միացնել մեր ծրագրերին, և մենք կշարժվենք առաջ: Բայց կոալիցիայի խնդիր, որպես այդպիսին, չկա, որևէ քննարկում չի կազմակերպվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս