Վահե Գրիգորյանը՝ մարտի 1-ի և Հյուսիսային պողոտայի բնակիչների նկատմամբ դատարանների վերաբերմունքի մասին

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը, որին  մասնակցեց 14 հավակնորդ: Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին տրվել են տարբեր հարցեր, սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բոլոր հավակնորդներին խնդրում էր ներկայացնել ՀՀ պատմության ընթացքում տեղի ունեցած անարդարության, խտրականության դրսևորման, հակաժողվրդավարական դեպքերի օրինակներ:

Մրցույթի մասնակիցների մի մասը որպես հակաժողովրդավարական դեպք մատնանշեց 2008թ. մարտի 1-ի դեպքերը:

Հավակնորդներից Վահե Գրիգորյանը ամենաանարդարը համարեց Հյուսիսային պողոտայի բնակիչների նկատմամբ դատարանների վերաբերմունքը. «Ես այստեղ ուզում եմ հատկապես նշել՝ խնդիրը նրանում չէ, թե ինչ է տեղի ունեցել այդ մարդկանց հետ և ինչպես են նրանց իրավունքները խախտվել: Խնդիրը նրանում է, թե ինչպես են դրան վերաբերվել հայաստանյան դատարանները: Անարդարությունը չի գալիս նրանից, որ այդ մարդկանց սեփականազրկել են: Անարդարությունը գալիս է նրանից, թե ինչպես են դատարանները վերաբերվել այդ սեփականազրկմանը»:

«Նրանք արդեն մոռացել են կառուցապատողներին և բոլոր նրանց, ովքեր նրանց բռնությամբ իրենց տներից հանում էին: Միակ մարդիկ, որոնք մնացել են նրանց հիշողության մեջ, դատավորների վերաբերմունքն է»,- շարունակեց նա: Որպես հակաժողովրդավարական ամենավառ դրսևորում Վահե Գրիգորյանը վկայակոչեց ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակայնության սահմանափակումը: «Սա նույն ազդեցությունն ունեցավ երիտասարդ ժողովրդավարության համար, ինչ մանուկ երեխայի վրա մետաղյա զսպաշապիկ հագցնելը: Դա ընդհանրապես անպատկերացնելի էր մեր իրողության պայմաններում: Այն տեղի ունեցավ, և մենք այսօր բոլոր բացասական հետևանքները, որ տեսնում ենք ժողովրդավարության կաղալու գործում, դրանցում որոշակիորեն և շատ ընդգծված ձևով այս գործոնի ազդեցությունը կա»,- ասաց փաստաբանը:

Վահե Գրիգորյանը խտրական վերաբերմունքի դրսևորում համարեց 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի և դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում քաղաքական այլախոհների նկատմամբ ակնհայտորեն դրսևորված խտրական վերաբերմունքը:

 

Տեսանյութեր

Լրահոս