Վրաստանի Ազգային բանկի ղեկավարը պատասխանել է Բիձինա Իվանիշվիլուն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում չի լսել Ազգային բանկի կանխատեսումներին, ինչն էլ հանգեցրել է ազգային արժույթ լարիի արժեզրկմանը: Այս մասին այսօր հայտարարել է Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն.

«Դեռևս 2013 թվականի սկզբին մենք հայտարարել էինք, որ տնտեսական աճի կանխատեսումը եղել է լավատեսական և պահանջել ենք վերանայել այն: Սակայն մեզ լսելու փոխարեն մեր դեմ սկսվեց զրպարտանքի ու քաղաքական սաբոտաժի մեղադրանքների առաջին ալիքը:

Մեր կանխատեսումն արդարացավ, և 2013 թվականի վերջին մենք ստացանք կրկնակի պակաս տնտեսական աճ: Ազգային բանկի ներկայացուցիչները 2013 թվականի օգոստոսից քանիցս զգուշացրել են կառավարությանը, ոչ միջոցներն անհավասարաչափ ծախսելը բացասաբար կանդրադառնա լարիի փոխարժեքի վրա:

Ազգային բանկը 2014 թվականի ամռանը կառավարությանը զգուշացրել է լարիի հնարավոր արժեզրկման մասին՝ կապված նրա հետ, որ զբոսաշրջային սեզոնի գագաթնակետի ժամանակ չի հաջողվել կուտակել արժութային պահուստներ: Հետագայում ծագեցին նաև արտահանման նվազման և այլ խնդիրներ»:

Կադագիձեի խոսքերով՝ Վրաստանի Ազգային բանկը կիսում է երկրում լարիի փոխարժեքի անկումից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը և չի պատրաստվում հրապարակավ մտնել քաղաքական բանավեճերի մեջ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի Ազգային բանկին մեղադրել էր անգործության մեջ՝ կապված լարիի փոխարժեքի կտրուկ անկման հետ:

Տեսանյութեր

Լրահոս