Բաժիններ՝

«Գյուղացիներին դժվար է համոզել, որ հրաժարվեն քիմիական պարարտանյութերից և օգտագործեն օրգանականը». Վահիկ Նաիրյան

«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում այսօր գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական պարարտանյութերն օրգանական կամ կենսաբանական պարարտանյութերով փոխարինելու մեծ միտում կա: Հանքային պարարտանյութերի ամենամյա մեծ չափաբաժինների կիրառումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում հողերի քիմիական աղտոտման և էկոլոգիապես ոչ անվտանգ սննդամթերքի արտադրման համար: Մինչդեռ օրգանական կամ կենսաբանական պարարտանյութերը, ըստ Վահիկ Նաիրյանի, անհամեմատ անվտանգ են և՛ շրջապատող միջավայրի, և՛ էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության համար:

Այս պարարտանյութերն իրենց սպառողին դեռ չեն գտել, «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանի կարծիքով՝ գյուղացիներին դժվար է համոզել՝ հրաժարվել ավանդական քիմիական պարարտանյութերից և օգտագործել օրգանականը. «Գյուղացին և օգտագործողն արդեն տարիներ շարունակ սովորել են այս սելիտրային՝ քիմիական պարարտանյութին, և հիմա այդ սովորությունը փոխել դժվար կլինի: Ես այս տարի շատ գյուղացիների եմ հանդիպել և հասկացել եմ, որ այսօրվա գյուղացին մի բուռ քիմիական պարարտանյութ է վերցնում ու օգտագործելուց հետո իրեն գոհացնելու համար ասում է՝ ես սելիտրա տվեցի, ես հողս պարարտացրի, բայց, ընդհանուր առմամբ, եթե այդ գյուղացին լոլիկ է ստացել 10-20 տարի, դա իրեն բավավարում է. նա էլ չի ձգտում ավելիին, օրգանիկին»:

«Արմեն Բիոթեք» ընկերությունն արդեն արտադրել է 3 օրգանական պարարտանյութ, որոնք միայն ֆոսֆոր են պարունակում՝ «Ալքազոտ փլաս», «Ֆոսֆազոտ» և «Ֆոսֆոարմ»: Սրանք, Վահիկ Նաիրյանի խոսքով, առհասարակ ապահովում են ազոտ և ֆոսֆոր՝ այն, ինչ որ բույսերին անհրաժեշտ է: Սրանք օգտագործվում են թե՛ արմատային, թե՛ տերևային սնուցման համար, և արդյունքում՝ արտադրանքը լինում է ամբողջովին օրգանիկ՝ ոչ քիմիական: Երեք պարկի արժեքը 20 հազար դրամ է կազմում հիմա: Ընկերության տնօրենի խոսքով՝ այս պարարտանյութերը պատճառ են դառնում, որ բերքն ավելի շուտ հասնի, ու համն ու հոտը պահպանվի:

«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանը նաև պատմեց, որ եղել են տարածաշրջաններ, որտեղ օգտագործել են այդ նյութերը, վերցրել են այս ընկերությունից փորձելու համար, բայց արդյունքներ չեն տեսել: Ընկերության տնօրենը վստահեցնում է՝ եթե նույնիսկ այս պարարտանյութերն օգտագործելուց հետո արդյունք չլինի, քիմիական պարարտանյութից ավելի լավ է. «Շատերն էլ տանում են, հետո զանգում, ասում ենք՝ ինչպե՞ս է արդյունքը, ասում են՝ արդյունք չտվեց, բայց ես վստահ եմ, որ չեն էլ օգտագործել»,- ասում է «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրենը:

168 am-ի հարցին՝ ի՞նչ քայլեր են հիմա արվում, որպեսզի գյուղացին իմանա այս ընկերության արտադրած օրգանիկ պարարտանյութերի մասին, «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանը պատասխանեց. «Մենք անձամբ մոտենում և իրենց հետ աշխատում ենք»: Հարցին՝ արդյոք բոլո՞ր գյուղերն եք հասցնում գնալ և տեղեկացնել գյուղացիներին, քանի որ այսօր շատուշատ գյուղացիներ, խնդիրներ ունենալու դեպքում, պարզապես չգիտեն՝ ինչպես վարվել, ու միակ խորհրդականը դեղատան աշխատողն է լինում, Վահիկ Նաիրյանը պատասխանեց. «Մենք գյուղերի մի քանի խանութներին տվել ենք մեր արտադրանքը, ու դժգոհ չենք նրանցից. վատ չի, բայց շատ մեծ խանութներ կան, որոնք հենց Երևանում են, հրաժարվել են վերցնել, ասում են՝ երբ կհաջողեք, երբ մեզնից ձեր ապրանքը կուզենան գնել, այն ժամանակ մենք ձեզ տեղյակ կպահենք, դուք մեզ համար կբերեք: Պարզապես իրենք չեն ցանկանում, որ հենց իրենք ներկայացնեն, մեկ անգամ օգտվեն, գովազդեն, նրանք պատրաստի պատառին են սպասում»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ կարելի է նաև մեկ անգամ բոլոր գյուղացիներին անվճար տրամադրել ընկերության արտադրանքը, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն արդյունքները, և հետո շարունակեն գնել, Վ. Նաիրյանը պատասխանեց. «Մենք տրամադրում ենք դրանք, Հոկտեմբերյանի բոլոր գյուղերին՝ մոտ 80 գյուղ, անվճար բաժանել եմ, և ոչ միայն այդ տարածքում՝ Էջմիածնի գյուղերին նույնպես, Կոտայքի մարզի գյուղերին նաև, ես բոլոր տեղերն անվճար եմ բաժանել, այս տարվա համար ես գումար չեմ ստացել»: Ըստ բանախոսի՝ Հայաստանի մարզերից այս օրգանական նյութերի կարիքն ավելի շատ ունեն Շիրակի, Արմավիրի մարզերը. «Հատկապես ջերմոցային մշակույթներն ավելի շատ պահանջ ունեն, դրանք 3 պարարտանյութերից էլ կարող են օգտվել: Օրինակ՝ հիմա քանի որ ցորենը ջրով չի մշակվում, այլ անձրևի հույսով է, «Ալքազոտ փլաս» պարարտանյութը պետք է օգտագործել, իսկ մյուսներն այս դեպքում ցանկալի չէ օգտագործել»:

«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանն այսօր պետությունից ակնկալում է մի բան՝ գյուղացիներին և գյուղապետերին համոզել, որ օգտվեն իրենց պարարտանյութերից: Վահիկ Նաիրյանի խոսքով՝ նրանք սկզբնական շրջանում նյութական պահանջներով չեն ներկայացնում, պարզապես խնդրում են աջակցություն՝ փորձնական նմուշներն իրագործելու համար:

Լուսանկարը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս