Մարգվելաշվիլին որոշել է ժամանակ տալ կառավարությանը՝ լարիի փոխարժեքը կայունացնելու համար
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ներկա փուլում չի գումարի Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստ՝ կապված երկրում տիրող տնտեսական իրավիճակի հետ.
«Ներկա փուլում մենք ստիպված ենք ժամանակ տալ կառավարության տնտեսական թիմին, որպեսզի նրանք հասարակությանը ներկայացնեն իրենց կոնկրետ պլանը՝ բարդությունները հաղթահարելու համար: Կառավարությունը մտադիր է մոտ ժամանակներս հասարակությանը ներկայացնել արժույթի կայունացման համար կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների պլանը»:
Կառավարության տնտեսական թիմն արդեն իսկ հայտարարել է, որ պլանավորում է վաճառել պետական հաշվառման տակ ընկած մի շարք օբյեկտներ՝ 2-3 ամսում բյուջեն 300-350 միլիոն դոլարով համալրելու համար:
Դոլարի հանդեպ լարիի փոխարժեքը սկսել է ակտիվորեն նվազել նախորդ տարվա նոյեմբերի 20-ից: Եթե այն ժամանակ 1 դոլարը հավասար էր 1.74 լարիի, ապա այժմ այն հասել է մինչև 2.26 լարիի: Լարիի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով Վրաստանում անցկացվել են բողոքի ակցիաներ: