Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը լարիի փոխարժեքը կայունացնելու համար վաճառում է իր շենքը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունը պլանավորում է վաճառել պետական գույքը` ազգային արժույթ լարիի փոխարժեքը կայունացնելու համար: Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է.
«Մենք պլանավորել ենք սեփականաշնորհել Ազգային բանկի նախկին շենքը, էկոնոմիկայի նախարարության շենքը` մենք հնարավորություն ունենք փոխել տեղը և այստեղ կկառուցվի հյուրանոց, Աջարիայում գտնվող նախագահական նստավայրը, Թբիլիսիի արվարձան Ցխնետիի կառավարական ամառանոցների տարածքը, ինչպես նաև ջերմաէլեկտրակայանը:
Դա կնպաստի լարիի փոխարժեքի զգալի կայունացմանը: Այդ օբյեկտների սեփականաշնորհումից 2-3 ամսվա ընթացքում կհաջողվի ներգրավել 300-350 միլիոն դոլար: Մենք լուրջ քայլեր կձեռնարկենք օրենսդրական տեսանկյունից` բիզնեսին ու ներդրումներին աջակցելու համար, ինչի մասին մոտ ժամանակներս կհայտարարի երկրի վարչապետը»:
Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն վստահ է, որ լարիի փոխարժեքը կկայունանա մոտ ժամանակներս: Նա ընդգծել է, որ Ազգային բանկը հանդիսացել և հանդիսանում է երկրում անվտանգության երաշխավոր: Նա ընդունել է, որ ներկայումս առկա է տնտեսական շոկ` կապված լարիի 30 տոկոսանոց արժեզրկման հետ:
Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն իր հերթին հայտարարել է, որ երկրում դիտարկվում է գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը: Կալաձեն չի բացառել, որ դրանք կարող են բարձրացվել` հիշեցնելով, որ Վրաստանը գազ ներկրող երկիր է:
Դոլարի հանդեպ լարիի փոխարժեքը սկսել է ակտիվորեն նվազել նախորդ տարվա նոյեմբերի 20-ից: Եթե այն ժամանակ 1 դոլարը հավասար էր 1.74 լարիի, ապա այժմ այն հասել է մինչև 2.26 լարիի: Լարիի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով Վրաստանում անցկացվել են բողոքի ակցիաներ: