ՀՀ-ում աշխատանքային այցն ավարտեց ԱՄՆ ՄԶԳ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատուն
Հարավային Կովկասում ճանաչողական այցի շրջանակներում փետրվարի 21-ին հնգօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրիցը:
Նա այցելել է մի շարք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացման վայրեր և հանդիպել Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, զբոսաշրջության ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Տիկին Ֆրիցը կառավարում է Եվրոպայի և Եվրասիայի 13 երկրներին, այդ թվում` Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ օժանդակության $200 միլիոն արժողությամբ տարեկան բյուջեն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում տիկին Ֆրիցը կարևորել է աջակցության երեք համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը տնտեսական զարգացման, ժողովրդավարության (ներառյալ քաղաքացիական հասարակության) և կառավարման, ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումների ոլորտներում:
Կողմերը քննարկել են ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, ՀՀ կառավարության մի շարք ընթացիկ մարտահրավերներ ու առաջնահերթություններ, երկրի բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև բաց երկնքի քաղաքականությանը, հակակոռուպցիոն քայլերին, քաղաքացիական հասարակությանն ու ապակենտրոնացմանն առնչվող հարցեր:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ քննարկվել են Հայաստանի տեսլականը և առաջընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրման գործընթացում, ինչպես նաև ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ներկայիս առաջնահերթությունները:
Այցի շրջանակներում տիկին Ֆրիցը այցելել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող մի շարք հաստատություններ, այդ թվում` Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոց և Վանաձորի Ինֆոտուն: ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան նաև մասնակցել է կլոր սեղան քննարկումների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զբոսաշրջության ոլորտի գործընկերների հետ:
Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և հայ-թուրքական միջսահմանային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը:
Փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցի այցը նշանավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի երկու տասնամյակների համագործակցությունը Հայաստանի հետ:
Հայաստանի կառավարության հետ ներկա համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Հայաստանին ուղղված է բարձրացնելու երկրի տնտեսական մրցունակությունը, նպաստելու քաղաքացիական մասնակցությանը և լրատվամիջոցների լայն շրջանակի հասանելիությանը, ընդլայնելու որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, և օգնելու երկրի առավել անապահով քաղաքացիներին հաղթահարել աղքատությունը:
• 1992 թվականից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` կառավարելով ԱՄՆ օժանդակության ծրագրի մոտ երկու երրորդը:
ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը Հայաստանում աշխատում է ՀՀ հանրության, կառավարության, հասարակական կազմակերպությունների ու բիզնեսների, ինչպես նաև այլ դոնորների հետ` Հայաստանի տնտեսական մրցունակությունը բարելավելու, քաղաքացիական մասնակցությունը և բազմատեսակ ԶԼՄ-ների հասանելիությունը խթանելու, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիությունը ավելացնելու և անապահով քաղաքացիներին աղքատությունից պաշտպանելու նպատակով: