ԼՂՀ-ում տեղի կունենա ադրբեջանցի դիվերսանտների գործով վերաքննիչ դատարանի նիստը

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի կունենա երկու ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի, գործով վերաքննիչ դատարանի նիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

«Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ։

Տեսանյութեր

Լրահոս