Պերմյակովը չէր կարող մեր տան անդամներից ինչ-որ մեկի հետ կապ ունենալ. Լուսինե Ավետիսյան

Սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ լսել է, թե Վալերի Պերմյակովը Հայաստանում մեկ ամսվա ծառայող է եղել: «Ինքը չէր կարող մեր տան անդամներից ինչ-որ մեկի հետ թեկուզ կապ ունենալ: Դա` հաստատ: Եթե մեր տանն ինչ-որ բան է եղել, թեկուզ այս բաժակը վերցվել այս կողմն է դրվել, ես այդ մասին իմացել եմ: Ես հաստատ կարող եմ ասել, որ ինքը ընդհանրապես կապ չի ունեցել: Այ եթե հատուկ ընտրված լինի որպես… Իմ վարկածն է ու իմ մտածելակերպը, որ այդ տան մեջ երեք սերունդ է բնակվում»,- ասաց նա՝ «ապուշ մեկնաբանություն» որակելով Վալերի Պերմյակովի այն հայտարարությունը, թե ինքը Ավետիսյանների տուն է մտել ջուր խմելու նպատակով: Նա նշեց, որ այդ դեպքում նա կարող էր այլ տուն մտնել. բաց է եղել միայն դարպասը, իսկ տան դուռը փակ է եղել:

Հարցին՝ արդյոք տարօրինակ չէ՞, որ մոտակայքում կրակոցների ձայներ չեն լսել, Լուսինե Ավետիսյանը պատասխանեց. «Շատ տարօրինակ է: Ինձ էլ է շատ հետաքրքիր»: Նա նշեց, որ իր ընտանիքի անդամներն «իրենց համար աշխատել, իրենց համար ապրել են». «Ոչ մեկի ոտքը չեն տրորել, կոպիտ ասած»: Լուսինե Ավետիսյանը պատմեց, որ իր քրոջ կողքին ոսկեղեն է դրված եղել, մայրը ոսկեղեն է կրել, սակայն դրանք տեղում են եղել:

Լուսինե Ավետիսյանի ամուսինը՝ Եգոր Ադամյանը, ով ճանաչվել է Սերյոժա Ավետիսյանի իրավահաջորդ, ասաց, որ միայն տեղյակ են, որ տանից երեք հեռախոս է անհետացել: Նրա խոսքով՝ մեկը պատկանել է  Հասմիկ Ավետիսյանին, մյուսը՝ Արմեն Ավետիսյանին, ով հեռախոսը նվիրել է կնոջը, մյուսը չգիտի, թե ում է պատկանել: Հարցին՝ արդյոք այդ հեռախոսներն արժեքավո՞ր են եղել, նա պատասխանեց. «Չեմ ասի՝ այդպես արժեքավոր էին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս