Ինչի՞ շուրջ է եղել վիճաբանությունը, արդյո՞ք սպանության մեջ մեղադրվողները ալկոհոլի ազդեցության տակ են եղել
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով նոր քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին։
ՀՀ քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ գրել էր. «Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա. Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին»:
168.am–ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ արդյոք նախաքննության ընթացքում պարզվե՞լ է, թե ինչի շուրջ է եղել Հայկազ Բարսեղյանի և Ա.Մարտիրոսյանի վիճաբանությունը: Ի պատասխան մեր գրավոր հարցման, ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական միջոցառումները՝ պարզելու զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության բոլոր հանգամանքները, պայմանները, շարժառիթները: Քննություն է տարվում՝ պարզելու նաև Հ. Բարսեղյանի և Ա. Մարտիրոսյանի միջև ծագած վիճաբանության դրդապատճառը: Նախաքննության շահերից ելնելով՝ քննության արդյունքների և պարզաբանված հանգամանքների վերաբերյալ այս փուլում այլ մանրամասներ հրապարակել չենք կարող: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքներով իրավական գնահատական կտրվի նաև Ա. Մարտիրոսյանի գործողություններին»:
ՀՀ քննչական կոմիտեի նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողները հունվարի 29-ին գտնվե՞լ են ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Ի պատասխան այս հարցի, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են. «Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել են տոքսիկոքիմիական և դատանյութագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»:
Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանք կալանավորված են: