
Էրդողանն ու Դավութօղլուն «տեսանելիության մրցավազքի» մեջ են միմյանց հետ. թուրքական մամուլ

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև ծագել է «տեսանելիության մրցավազք»: Դա տեղի է ունեցել Սիրիայում գտնվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքում իրականացված ռազմական գործողության լուսաբանման ֆոնին:
Խնդիրն այն էր, թե ով է ղեկավարել տվյալ գործողությունը. վարչապետը՞, թե՞ նախագահը: Մամուլում լուսանկարներ հրապարակվեցին, թե ինչպես է Դավութօղլուն զինված ուժերի Գլխավոր շտաբից ղեկավարում այդ գործողությունը (Թուրքիայի Սահմանադրության 117-րդ հոդվածին համաձայն՝ Գլխավոր շտաբի պետը հաշվետու է երկրի վարչապետին – 168.am):
Ապա ի հայտ եկան Էրդողանի լուսանկարները, ով պատկերված էր «գլխավոր հրամանատարի» կարգավիճակում: Չնայած նրան, որ հաղորդվել էր, թե Դավութօղլուն անձամբ է ղեկավարել այդ գործողությունը՝ Էրդողանի թիմակիցների հրապարակած լուսանկարներում պատկերված էին նրա հետևյալ խոսքերը .«Անձամբ հետևեցի (ընթացքին)»:
Էրդողանի կողմնակիցները հայտնում են, թե գործողությունը սկզբից մինչև վերջ ղեկավարել է Էրդողանը: Այս ամենն ազդել է նաև իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ընտրական կամպանիայի վրա և կուսակցության թեկնածուների գովազդային պաստառներին առկա են ինչպես այդ թեկնածուի ու Դավութօղլուի, այնպես էլ թեկնածուի ու Էրդողանի նկարները:
ԱԶԿ նախագահ Դավութօղլուն որոշել է արգելել Էրդողանի պատկերով պաստառների վրա: Ընդգծվում է, որ Դավութօղլուի ու Էրդողանի միջև տարաձայնությունները սրվեցին այն բանից հետո, ինչ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ի հեճուկս Էրդողանի, հրաժարական տվեց, որպեսզի դառնա պատգամավորական թեկնածու: Չնայած Էրդողանը դեմ էր նրա հրաժարականին՝ Դավութօղլուն ընդունել է այն:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրքական մամուլը հայտնել էր, թե Էրդողանի ու Դավութօղլուի միջև «սառը քամիներ» են անցել՝ կապված ԱԶԿ-ի ընտրացուցակը պատրաստելու հարցի հետ: