Իսագուլյանը հեգնեց. «Ադիբեկ Ահարոնյանը վերջերս Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում և Անտարկտիդայում փոկերի մոտ անցկացրել է հարցում և պարզել է, որ դրանցից շատերը ոչ թե փոկ, այլ կետ են»

«Նախևառաջ՝ ես չեմ ուզում որևէ ասեկոսեի անդրադառնալ, որոնք հիմնավորում չունեն»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է լքել կուսակցությունը, և հնարավոր է՝ ԲՀԿ-ն պառակտվի՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ իշխանությունները փետրվարի 12-ից հետո իրենց դուրս դրեցին օրենքի և Սահմանադրության դաշտից. «Դա կարող էր հանգեցնել շատ ծանր հետևանքների, եթե նույնը կատարեր նաև ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությամբ: Դա հանգեցրեց մի վիճակի, որտեղ բախումը, ըստ էության, անխուսափելի էր դառնում: Եվ շատ ճիշտ է, որ «Բարգավաճ Հայաստանը» որոշակի նահանջ կատարեց, ես գնահատում եմ, որ դրանք իրավիճակից բխող գործողություններ են, մնացած գործընթացները, որոնք կարող են հետագայում զարգանալ, պետք է սպասենք, հետո կարող ենք եզրակացություններ անել»:

Ըստ Գ.Իսագուլյանի՝ միայն ժամանակը կտա շատ հարցերի պատասխանները. «Եթե ինձ հարցնեք, ես կասեմ, որ ուղղակի նման իրավիճակների պարագայում շատ կարևոր է, որ հապշտապ որոշումներ չկայացնեն, և ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը: Ես կարծում եմ՝ համբերություն է պետք, պետք է սպասել, ամեն ինչ լավ կլինի»:

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ում այսօր գոյություն ունի երկու թև՝ իշխանամետ և ծայրահեղ ընդդիմադիր (որը հովանավորվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից), և, եթե Գագիկ Ծառուկյանը չկարողանա այդ երկու թևերը միավորել, ԲՀԿ-ն կպառակտվի:

Հարցին՝ կիսո՞ւմ եք սոցիոլոգի այդ տեսակետը, Գ.Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Ես լսել եմ, որ պարոն Ադիբեկ Ահարոնյանը վերջերս Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում և Անտարկտիդայում փոկերի մոտ անցկացրել է հարցում և պարզել է, որ դրանցից շատերը ոչ թե փոկ են, այլ կետ են: Այնպես որ՝ Ադիբեկ Ահարոնյանն արդեն աշխարհի տարբեր ծայրերում ընթացող գործընթացներին անմիջապես արձագանքում է և հետազոտություններ է անցկացնում: Թող շարունակի իր հետազոտությունները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում և Անտարկտիդայում»:

Տեսանյութեր

Լրահոս