ԲՀԿ-ի ծայրահեղական թևի ղեկավարը Ռոբերտ Քոչարյա՞նն է
«Ես արդեն ասել եմ, որ ԲՀԿ-ն ներսում ունի պառակտման միտում, նա նախկինում ունեցել է 2 թև՝ իշխանամետ և ընդդիմադիր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին:
Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ունի արմատական, անզիջող խումբ, որն ամեն կերպ փորձում է վաղաժամկետ ընտրություն և իշխանափոխություն իրականացնել, և ունի կենտրոնամետ խումբ, որն ուզում է, որ համերաշխություն լինի, գա իշխանության ընտրությունների միջոցով.
«Հիմա այս երկու խումբը կարող է պառակտվել, խնդիրն այն է՝ կարո՞ղ է Ծառուկյանը իր հեղինակությամբ, իր միջոցներով կուսակցության միասնությունը պահպանել, որովհետև եթե նա դուրս եկավ և անջատվեց, ծայրահեղ խումբը, կարծես, ունի հովանավոր: Խոսում են, որ այդ հովանավորը Ռոբերտ Քոչարյանն է:
Այս ծայրահեղականների խումբը կարծես կարող է իրեն ֆինանսավորող ճարել, ու պահպանվել, բայց ԲՀԿ-ի ամբողջ ենթակառուցվածքը կանհետանա, որովհետև այդ բոլորը Ծառուկյանի միջոցներով են ֆինանասվորվել ու պահպանվել»:
Սոցիոլոգի խոսքով՝ եթե ԲՀԿ-ն պառակտվի, դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել միավորել այդ երկու թևերը. «Ինքը կարող է մնալ այս իշխանամետ թևի առաջնորդ»:
168.am-ի հարցին՝ իսկ մյուս թևի ղեկավար ո՞վ կարող է լինել, սոցիոլոգը պատասխանեց, որ կարող է լինել կա՛մ Վարդան Օսկանյանը, կա՛մ Գուրգեն Արսենյանը:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք հավանակա՞ն չէ, որ Ռոբերտ Քոչարյանը լինի նաև այդ թևի առաջնորդը՝ հաշվի առնելով, որ ինքն է հովանավորը: Ա. Ադիբեկյանը պատասխանեց, որ Ռ. Քոչարյանը չի ուզում հենվել մի կուսկացության վրա. «Նա հայտարարել է՝ եթե ազգովի խնդրեք, հետ կգամ: Իսկ ազգովի խնդրող, կարծես թե, ես չեմ տեսնում»: