
Կալանավորի ընկերուհին սուտ մատնություն է կատարել՝ իբր ոստիկանները հայհոյել են ընկերոջը և բռնություն կիրառել նրա նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Համլետ Շ.-ի ընկերուհին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ իր կամքին հակառակ ոստիկանության բաժին տեղափոխվելով` ժամը 08:00-ից մինչև 19:00-ն ապօրինի պահվել է այնտեղ: Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում լսել է իր ընկերոջ հասցեին հնչող հայհոյանքներ, և նրա նկատմամբ կիրառվող բռնության ձայներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացուհու հաղորդման մեջ նշված տեղեկատվությունը ակնհայտ կեղծ է, և վերջինս այդ հանգամանքը գիտակցելով է տվյալ տեղեկատվությունը տրամադրել նախաքննական մարմնին՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու և ոստիկանության բաժնում իրեն ապօրինի պահելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, իսկ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն