«…Մենք այս խաղն այլևս չենք խաղում». Րաֆֆի Հովհաննիսյան
«Մեր ժողովուդը պարզ արդարություն է ուզում, խաղեր չի ուզում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ քաղաքացիական, ոչ մի տեսակի խաղեր չի ուզում մեր շարքային քաղաքացին: Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր թոռնիկների»,- այսօր հրավիրված հավաք-ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ թե խնդրելու, այլ պահանջելու հարց է. «Հայաստանի շարքային քաղաքացին հնարավորություն կունենա առաջիկա շաբաթների ընթացքում այդ պահանջը ձևակերպել: Մենք ոչ մեկին այստեղ չենք կանչել, ավտոբուսներով չենք բերել, չենք զանգել, ով եկել է՝ եկել է:
Այսօր շատ էինք ուզում լինել մեր հայրենակիցների հետ, մեր գործընկերների հետ՝ պարոն Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստանի», պարոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի, ինչու չէ նաև Դաշնակցության հետ, ինչու չէ՝ Պարույր Հայրիկյանի, Սէֆիլյանի, ազատամարտիկների, Նիկոլ Փաշինյանի: Եթե այսօր մենք այս փաթիլների ներքո միասին լինեինք 100 հազարով, կլիներ նոր Հայաստան, բայց ինչ-որ մեկը չուզեցավ»:
Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ անցյալ կիրակի օրը շատ ուրախ օր էր իր համար. «Որովհետև առաջին անգամ էր, որ եռյակ կոչվող երեք ուժերի համագործակցությունը վերջապես կոնսենսուսով ունեցավ որոշում: Իրար աչքերի մեջ նայեցինք, ձեռք սեղմեցինք, իրար սխալները ներեցեինք և ասացինք, որ ժողովուրդը պահանջում է միասնություն, և մենք պետք է փետրվարի 20-ին արցախյան պայքարի այս տարեդարձին բոլորով հավաքվենք այստեղ այս ժամին: Հրաշք: Մնացածը չեմ մեկնաբանելու, և ինձ մոտ որևէ չարություն չկա, բայց ուզում եմ ասեմ, որ դուք էլ իմանաք, որ անցյալ կիրակի ինձ համար հրաշալի օր էր»:
Նա նկատեց, որ «Ժառանգությունը» և ինքը մեկ տարի շարունակ իրենց կասկածներով, տարակույսներով հանդերձ տարել են այդ պայքարը. « «Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից: Ցավում ենք, որ մեր գործընկերենրը իրենց քայլերով ներկա դրությամբ իրենք են որոշել դուրս գալ եռյակից: Մենք կանք եռյակում, տասնյակում, ժողովրդին պատկանող ցանկացած ձևաչափում, և մեր դռները բաց են Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի, Դաշնակցության, Նիկոլի, Հայրիկյանի, Սէֆիլյանի, բոլոր-բոլոր հայրենակիցների առջև, ովքեր ոզում են ազատ, անկախ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստան: Ցավում եմ ասել, սակայն, որ այս դրությամբ եռյակ գոյություն չունի»:
Խոսելով «Ժառանգություն» կուսակցության առաջիկա անելիքների մասին, Ր. Հովհաննիսյանը նշեց, որ իրենք կհանդիպեն բոլորի հետ, ովքեր ոչ թե խոսում են ու հետո գնում են սրճարան, այլ պատրաստ են պայքարել հայրենիքի համար: Վաղը «Ժառանգություն» կուսակցությունը գնում է Գյումրի՝ ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի առջև գլուխ խոնարհելու համար:
Իսկ մյուս ուրբաթ՝ փետրվարի 27-ին, նորից Ազատության հրապարակում հրավիրվում է հավաք-ասուլիս:
168.am-Ի հարցին՝ մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ, Ր.Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.
«Այս մարտի 1-ին, իհարկե, մենք կցանկանայինք մասնակցել, բայց «Ժառանգությունը» որոշել է գնալ Չինարի: Գնալու ենք սահմանային շրջան, և այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք զոհերին հենց այնտեղ: «Ժառանգության» այն անդամները, որոնք մնալու են Երևանում՝ անպայման կմասնակցեն: Նրանք, ովքեր մարտի 2-ին՝ մեր՝ ՄԱԿ-ի անդամակցության տարեդարձին, կամ մարտի 5-ին՝ Սպարապետի ծննդյան օրը, ուզում են միացյալ պայքար տանել, մենք պատրաստ ենք: Բայց մենք այս խաղն այլևս չենք խաղում»: