Բաժիններ՝

Հայաստանում նախատեսվում է ստեղծել LED լամպերի արտադրության հայ-կորեական համատեղ ընկերություն

Փետրվարի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված «ԱԴԿԱՌՍ» ՍՊԸ-ի (Հայաստանի վերակառուցման և զարգացման գործակալություն), էկոլոգիապես մաքուր LED լամպերի արտադրության բնագավառում մասնագիտացված «ԿորեաՍանԼեդ» և «ԲլյուսաֆիրԿորեա» ընկերությունների` Հայաստանում LED լամպերի արտադրություն հիմնելու վերաբերյալ համատեղ նախաձեռնությանը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել SUN LED ընկերության գործադիր տնօրեն Սունգ Հուն Լիին և «ԲլյուսաֆիրԿորեա» ընկերության տնօրեն, կորեական վենչուրային ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Կիմը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարները, այլ գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ԱԴԿԱՌՍ» ՍՊԸ նախագահ Սարգիս Գևորգյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է ընկերության գործունեությանը, որից հետո ընկերության տնօրեն Ռուբեն Արզումանյանը ներկայացրել է ժամանակակից LED տեխնոլոգիաների կիրառման առավելությունները և Հայաստանում արտադրություն հիմելու իրենց ծրագիրը:

LED լամպերի արտադրությամբ մասնագիտացված ձեռնարկության հիմնման ծրագրում ընդհանուր ներդրումները կկազմեն 20 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է, որ ձեռնարկությունը կարտադրի կենցաղային և արդյունաբերական նշանակության լամպեր` առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ, եվրոպական արտադրության ավտոմատացված հոսքագծով: Ծրագրի առավելություններից է նաև այն, որ արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակով բոլոր գիտահետազոտական (R&D) աշխատանքները կիրականացվեն Հայաստանում` կորեական մասնագետների հետ համատեղ:

Միջոցառման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի մասնակցությամբ կազմակերպվել է առանձին քննարկում-հանդիպում:

Է. Տարասյանը նշել է, որ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտում կարող է բավականին արդյունավետ լինել: Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ինովացիոն քաղաքականությանը, իսկ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացվածության աստիճանն այսօր թույլ է տալիս զարգացնել ինովացիոն քաղաքականությունը և ձևավորել ինովացիոն ենթակառուցվածք: Փոխնախարարը կարևորել է Հայաստանում ինովացիոն հենքի վրա արտադրությունների կազմակերպումն այնտեղ, որտեղ ձևավորված են կամ ձևավորվելու են տեխնոլոգիական կենտրոններ, քանի որ այնտեղ կենտրոնացած են բարձր տեխնոլոգիական գիտելիքներով օժտված մասնագետներ: Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ նման կենտրոններ արդեն իսկ գործում են Երևանում և Գյումրիում, մինչև տարեվերջ նման կենտրոն կձևավորվի նաև Վանաձորում, իսկ հաջորդը նախատեսվում է Կապանում:

SUN LED ընկերության գործադիր տնօրեն Սունգ Հուն Լիին իր խոսքում նշել է, որ, թեև Հայաստանը և Կորեան շատ հեռու են միմյանցից, սակայն երկուսն էլ շատ հարուստ են մարդկային ռեսուրսներով, իսկ այդ ռեսուրսների երկկողմանի օգտագործմամբ կարելի է մեծ արդյունքների հասնել:

Հանդիպման ավարտին Էմիլ Տարասյանը շեշտել է, որ ցանկացած ինովացիոն արտադրություն և ներդրում կարևոր են Հայաստանի համար: Նա հաջողություն է մաղթել LED լամպերի արտադրություն նախաձեռնողներին և պատրաստակամություն հայտնել օժանդակել ծրագրի իրականացման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս