Բաժիններ՝

Ալցհեյմերի հիվանդության առաջին սիմպտոմները

Ալցհեյմերի հիվանդությունը բնորոշվում է գլխուղեղի նեյրոնների զարգացող և անդառնալի դեգեներացիայով։ Այս հիվանդությունը ծերունական տկարամտության հիմնական պատճառն է համարվում և կարող է զարգանալ 40-90 տարեկան մարդկանց մոտ։ Սակայն հիվանդության առաջացման պատճառները մինչև այժմ անհայտ են, որովհետև նրա հետ զանազան խանգարումներ են կապված, որոնք էլ հանգեցնում են ուղեղի բջիջների ատրոֆիային։

 Հիվանդության 1-ին սիմպտոմները

Ալցհեյմերի հիվանդությունն անցնում է զարգացման 3 փուլ։

1-ին փուլում հիվանդի մոտ նկատվում է մոռացկոտություն, տրամադրության անկումներ և խոսքի հետ կապված խնդիրներ։

Կարդացեք նաև

2-րդ փուլում ակնհայտ են հիշողության կարճաժամկետ կորուստներ, խոսքն էականորեն վատանում է, այլ մարդկանց հետ շփումները դառնում են կցկտուր։
Սովոր առարկաների հետ աշխատելու, դրանք կառավարելու բարդություն է առաջանում, նկատելի են ինքնասպասարկման և նորմալ կենսագործունեության հետ կապված խնդիրներ։

3-րդ փուլում հիվանդը կարող է պահպանել էմոցիոնալ հիշողությունը։ Նրա տրամադրությունը կախված է իրավիճակից։
Այլոց հետ հաղորդակցությունը կարող է սահմանափակվել անհասկանալի մռթմռթոցով։
Հիվանդը կորցնում է մկանների նկատմամբ վերահսկողությունը, դժվարությունների է հանդիպում կլման ակտի ընթացքում և բացարձակապես ի վիճակի չէ ինքնասպասարկվել։

Հնարավոր է՝ դու երբևէ թվարկված նախանշաններից մեկը նկատես քո հարազատի մոտ։ Պետք է շատ ուշադիր լինել։

Եթե մարդը մի քանի անգամ մոռանում է՝ ուր է դրել այս կամ այն իրը, դժվարանում է առօրյա սովորական բաներն անելիս, չի հիշում՝ շաբաթվա որ օրն է, ավելի քիչ է լինում տան այն հատվածներում, ուր առաջ շատ էր սիրում լինել, կորցնում է իրեն ժամանակի ու տարածության մեջ, ուրեմն անհանգստանալու կարիք կա։

Այսպիսի դեպքերում հարկավոր է անհապաղ բժշկի դիմել, որը համապատասխան ախտորոշումից հետո սիմպտոմների մեղմացմանն ուղղված բուժում կնշանակի։

Մեծ մասամբ Ալցհեյմերի հիվանդության առաջացումից մինչև մարդու վախճանը տևում է 4-10 տարի։
Ցավոք, այս պահի դրությամբ այս հիվանդության դեմ դեղամիջոց չկա, քանի որ հայտնաբերված չէ նրա զարգացման ճշգրիտ պատճառը։
Սակայն կան դեղամիջոցներ, որոնք ունակ են այս հիվանդությանը հանգեցնող առանձին սիմպտոմներ և խանգարումներ բուժել։

Մնում է հուսալ, որ համաշխարհային բժշկությունը տեղում չի դոփում, և մոտ ապագայում բժիշկները կկարողանան հաջողությամբ բուժել ոչ միայն՝ Ալցհեյմերի, այլև այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են ցրված սկլերոզը, քաղցկեղը և այլն։

Ֆիզիոթերապիա Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների համար

Ֆիզիոթերապիան էականորեն բարելավում է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների հնարավորություններն ու կյանքի որակը։
Այդ պատճառով էլ այս հիվանդության 1-ին սիմպտոմները հայտնվելուց պահից սկսած՝ պետք է սկսել թերապիան, քանի դեռ հիվանդությունը չի խորացել։
Ֆիզիոթերապիան հիվանդներին հնարավորություն է տալիս դեռևս երկար ժամանակ պահպանել մարդու՝ ինքնուրույնաբար շարժվելու և սպասարկվելու ու ինքն իրեն խնամելու ունակությունը։

Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդներն ամեն անգամ ավելի ու ավելի շատ բարդություններ են ունենում նույնիսկ ամենասովորական գործողություններն ու պրոցեդուրաները կատարելիս։
Եվ շատ հաճախ, վախենալով ընկնել ու վնասվածքներ ստանալ, ինչը կվատացնի հիվանդի դրությունը, հիվանդի հարազատները նրան նստեցնում են անվասայլակին կամ գամում անկողնուն՝ նպաստելով վերջինիս անշարժությանն ու դեգեներատիվ պրոցեսների առաջընթացին։

Ֆիզիոթերապիան դանդաղեցնում է հիվանդության զարգացման ընթացքը, երկարացնում է ինքնուրույնաբար քայլելու և հիվանդության յուրաքանչյուր փուլի համար հատուկ մշակված վարժությունների միջոցով տեղաշարժվելու հնարավորությունը։
Սա օգնում է պաշտպանել հոդերն ու մկանները, ինչպես նաև՝ մարդու հավասարակշռության և տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը։

Պետք չէ հուսահատվել, եթե բժիշկն Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշել։ Ընդհակառակը, անհրաժեշտ է բարձրացնել հիվանդի ակտիվությունն ու արագացնել կյանքի տեմպը՝ պահպանելով նրա հասարակական շփումները, այլոց հետ կապերը, խուսափելով դեպրեսիայից, կյանքի ոչ շարժուն տեմպից, ինչը բնորոշ է այս հիվանդներին և կարող է միայն արագացնել հիվանդության ընթացքը և տխուր վերջաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս