
Սպառողների վստահության ցուցանիշը նվազել է

Սպառողների վստահության ցուցանիշը, նախորդ երկու եռամսյակների աճից հետո, նվազել է 3 տոկոսային կետով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 4.3 տոկոսային կետով:
Ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշներից ամենամեծ անկումն արձանագրել է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի ցուցանիշը՝ շուրջ 7 տոկոսային կետ, ինչպես նաեւ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը՝ շուրջ 5 տոկոսային կետ:
Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ գրանցելով շուրջ 50 արժեք:
Ապագա պայմանների ցուցանիշը նվազել է 1.9 տոկոսային կետով:
Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ցուցանիշը վերադարձել է երկրորդ եռամսյակի ցուցանիշի արժեքին՝ նվազելով շուրջ 3 տոկոսային կետով: Ֆիանսական վիճակի վերաբերյալ սպասումների ցուցանիշը նույնպես նվազել է: Աճ է արձանագրվել զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով 0.8 տոկոսային կետ՝ գրանցելով 55.5 արժեք: