Եթե Հայաստանում բոլոր ուժերը ռուսամետ են, Մոսկվայի համար տարբերություն չկա` ում հետ աշխատել. Սկակով
«Մոսկվան կաշխատի հայաստանյան ցանկացած քաղաքական ուժի հետ իշխանափոխության դեպքում, քանի որ ՀՀ-ում ազդեցություն ունեցող քաղաքական բոլոր ուժերը ռուսամետ են»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: Նա նշեց, որ ՌԴ իշխանություններն այսօր աշխատում են ներկայիս իշխանությունների հետ, բայց կաշխատեն նաև այն իշխանությունների հետ, որոնց կընտրի ժողովուրդը:
«Մոսկվայի համար մեծ տարբերություն չկա` ում հետ աշխատել` Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան թե Քոչարյան: Ինչո՞ւ, որովհետև բոլոր կուսակցությունները, բացի «Ժառանգությունից», ռուսամետ են: Մոսկվան տեսնում է, որ Սարգսյանի դիրքերն ակնհայտորեն թուլացել են՝ սկսած ընտրություններից, և շարունակում են թուլանալ: Ուստի դա հաշվի է առնվում, բայց լուրջ խաղադրույքներ այս կամ այն ուժի վրա Մոսկվան չի անում: Մոսկվան Հայաստանի դեպքում անհանգստանալու լուրջ պատճառներ չունի, քանի որ Հայաստանում իրական արևմտյան ուժեր չկան, և Արևմուտքը չի ապահովի ՀՀ անվտանգությունը: Եթե խոսենք «Ժառանգության» մասին, ապա «Ժառանգությունը», բնականաբար, Մոսկվայի ֆավորիտը չէ, բայց չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություններ ունի ՀՀ նախագահ դառնալու համար»,- մեկնաբանեց Սկակովը` հիշեցնելով, որ ՀՀ նախկին և ներկա բոլոր նախագահները Մոսկվային նվիրված են եղել: Սկակովի դիտարկումներով` այսօր ևս նվիրված են, իսկ եթե այդպես է, ուրեմն Մոսկվան կարող է աշխատել այն ուժի հետ, ում կընտրի ժողովուրդը:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին և Մոսկվայի աջակցությունը ստանալու հեռանկարներին` Սկակովն ասաց, որ եթե նա ցանկանա, նրա վերադարձն իսկապես բավականին իրատեսական կլինի: «Այս դեպքում հարցը, փաստորեն, միայն նրա ցանկության մեջ է: Իսկ քանի դեռ այդ մասին նա հրապարակային չի հայտնել, անիմաստ է խոսել»,- նկատեց Ալեքսանդր Սկակովը: