Սամվել Ֆարմանյան. «Ցավալի է, որ Նախագահ Տեր-Պետրոսյանը դեռևս չի կարողանում մինչև վերջ պահել պատշաճ էթիկետը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դրական է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակն ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: 168.am-ի հետ զրույցում Ս. Ֆարմանյանն անդրադառնալով առաջին նախագահի բաց նամակին ասաց.

«Միանգամից ասեմ՝ դրական: Առաջին հերթին ձևի առումով, քանի որ այս պահին չեմ ուզում մտնել Նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից Նախագահ Սարգսյանին հասեագրված նամակի բովանդակային քննարկումների դաշտ՝ այն թողնելով ապագային:

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ի դեմս այդ բաց նամակի տեսա, զգացի ու նաև ոգևորվեցի անկախ Հայաստանի «ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ» ինստիտուտով՝ օրվա քաղաքական հակասություններից ու իրավիճակային շահերից ավելի բարձր կանգնած և գործող իշխանություններին ազգային-պետական նշանակության հարցերում օժանդակելու պատրաստ պետական այրի խոսք, ինչը միայն ու միայն պատիվ է բերում:

Իհարկե, ցավալի է, որ Նախագահ Տեր-Պետրոսյանը դեռևս չի կարողանում մինչև վերջ պահել պատշաճ էթիկետը՝ օգտագործելով «Հարգարժան պարոն Նախագահ» դիմելաձևը, ինչպես նման դեպքերում ընդունված է, սակայն, կարծում եմ, սկիզբ առած այսպիսի միտումների պարագայում դա էլ հեռու ապագայի լուծելիք խնդիր չէ:

Կարդացեք նաև

Հանուն ճշմարտության պիտի նշեմ, որ ճիշտ այդպիսի ոգևորիչ և գնահատանքի արժանի երանգներ ես տեսա նաև Նախագահ Քոչարյանի վերջին հարցազրույցում: Կրկին, ասածս վերաբերում է արտահայտման ձևին և ոչ բովանդակությանը: Ես այս միտումը որպես լավատեսության հստակ ազդակ եմ ընկալում»,- նշեց պատագամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս